Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին. երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...
Շառլ Ազնավուր
Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում՝ հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Ծննդյան անունը Շահնուր Վաղինակ Ազնավուրյան է:
9 տարեկան էր, երբ գրավվեց արվեստով: Ծնողները նրան տարան արվեստի դպրոց: Հենց այս շրջանում ծնվեց Ազնավուր անունը:
Շառլի աստեղային ժամը 1946 թվականին էր. Էդիթ Պիաֆը լսեց նրա երգեցողությունը, առաջարկեց տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների:
Ֆրանսիական մամուլը գրեց՝ «Ֆրանսիան ազնավուրացված է»: Ազնավուրը մեծ հռչակ ստացավ 1956 թվականին՝ Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հայտնի ելույթից հետո։
«Բոհեմը», «Երիտասարդություն», «Նա», «Հավերժական սեր», «Ավե Մարիա». սրանք երգեր են, որ մտան յուրաքանչյուր սիրտ ու ամեն տուն:
Երբ ռադիոընդունիչի կոճակը կսեղմեմ և հեռու-հեռուներեն կլսեմ Ազնավուրի երգերը, միտքես կըսեմ. «Ապրիս, եղբայր, դուն ալ հաղթեցիր, դուն մեծ ու տոկուն հայ մըն ես...
Վիլյամ Սարոյան
Ազնավուրին սիրեցին ոչ միայն Ֆրանսիայում, այլև դրա սահմաններից բազմաթիվ կիլոմետրեր հեռու:
Ես կիսով չափ հայ եմ և կիսով չափ՝ ֆրանսիացի: Ես նման եմ կաթով սուրճի, երբ կաթը սուրճից առանձնացնելն ուղղակի անհնար է:
Ազնավուր
Հայաստանից հեռու, բայց միշտ Հայաստանի հետ. Ազնավուրը սրտի բոլոր թելերով կապված էր հայրենիքին, հպարտանում էր ծագմամբ:
Շառլ Ազնավուրի ավանդը մեծ էր 1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո: Նրա հիմնադրած «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը (Aznavour pour l’Arménie) մշտապես աջակցություն է ցուցաբերել երկրաշարժից տուժածներին: Հիմնադրամը հետագայում էլ շարունակել է մարդասիրական գործունեությունը տուն ու տանիքից զուրկ մարդկանց օգնելու համար:
Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն հայերը:
Ազնավուր
2009 թվականին Հայաստանի նախագահի հրամանագրով Ազնավուրը նշանակվել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: Նույն թվականին համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2011 թվականին Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի կեցավայր-թանգարանը:
Շառլ Ազնավուրը դարձել է Ֆրանսիայի դեմքը։ Ազնավուրի երգերը նախևառաջ բառեր են, բառեր, որոնք եկել և դիպել են մեր սրտերին:
Էմանուել Մակրոն
2018-ի հոկտեմբերի 1-ին կյանքին հրաժեշտ տվեց աշխարհահռչակ շանսոնյեն:
Հաշմանդամների տուն հուշահամալիրում տեղի ունեցով լեգենդար Ազնավուրի հոգեհանգիստը: Ազնավուրի աճյունը պատված էր Ֆրանսիայի ազգային դրոշով: Աճյունը հուշահամալիրի կենտրոնական հրապարակ բերվեց «Դլե յամանի» մեղեդու ներքո: Այնուհետև զինվորական նվագախումբը կատարեց հայերեն մի երգ՝ «Արևիդ մեռնեմ, սիրուն ջան»:
Վստահ եմ, որ դեռ շատ երկար տարիներ միլիոնավոր մարդիկ դժվարության, հույսի, ուրախության պահերին իրենց հիշողության մեջ կպահեն այն երաժշտությունը կամ այն երգերի բառերը, որ այս բացառիկ բանաստեղծը թողել է մեզ: Յուրաքանչյուրիս սրտում նա կշարունակի իր ճանապարհը` քայլելով ուղիղ, ձեռքը գրպանում, ժպիտը դեմքին, և մեզ հետ միասին նա հպարտորեն կանցնի այս դարը: Այլևս նա մեզ չի լքի, որովհետև Ֆրանսիայում պոետները երբեք չեն մահանում:
Էմանուել Մակրոն
Այսօր էլ Շառլ Ազնավուրի մասին խոսում են ներկայով, որովհետև պոետները չեն մահանում: