Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանի, փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի և համայնքապետարանի երկու աշխատակիցների մեղադրանքները փոփոխվել են: Նրանք այժմ մեղադրվում են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Գործը քննող քննիչի խոսքով՝ Իրինա Յոլյանը, արտահերթ ընտրությունների նախաշեմին, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Առուշ Առուշանյանի օգտին դրական արդյունքներ ապահովելու համար հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Մենուա Հովսեփյանի և համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ՝ համայնքի բյուջեի միջոցներն ապօրինի տնօրինելու և դրանք իբրև համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին ուղղելու հարցի շուրջ:
Տիգրան Շոխոյան, ՔԿ ՀԿԳ կոռուպցիոն հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ - Դրանից հետո Գորիս համայքնի ղեկավարի և տեղակալի՝ Գորիս համայնքի բնակավայրերում բնակիչների հետ ունեցած հանդիպումներից հետո 2021 թվականի մայիս-հունիս ամիսների ընթացքում հավաքագրվել է շուրջ 115 դիմում, որոնք ներկայացվել են «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի քննարկմանը: Հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանը և դրա երկու անդամները հանցավոր համաձայնության գալով Իրինա Յոլյանի հետ՝ ամեն կերպ նշված դիմումները բավարարելու միտումով կազմել են դրական եզրակացություն:
Շոխոյանի խոսքով՝ դրանից հետո Յոլյանը հունիսի 9-ին կայացրել է որոշում, որի համաձայն՝ Գորիս համայնքի բյուջեից ելքագրվել է 6 միլիոն 130 հազար դրամ, որից 3 միլիոն 200 հազարը տրամադրվել է թվով 56 դիմումատու անձանց, որոնք չեն հանդիսանում սոցիալական աջակացության շահառուներ:
Ըստ քննիչի՝ գործով հաստատվել է, որ Գորիս համայքնի բյուջեով 2021 թվականին նախատեսված սոցիալական աջակցություն տրամադրելու գումարը նույն թվականի հունիս ամսվա դրությամբ գրեթե ամբողջությամբ սպառվել է: Վերոնշյալի հետևանքով՝ Գորիս համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 3 միլիոն 2 հարյուր հազար դրամի վնաս, որը փոխանցվել է Գլխավոր դատախազության դեպոզիտ հաշվին՝ որպես վնասի փոխհատուցման երաշխիք:
Գործով նախաքննության ավարտ է հայտարարվել և այն մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Դատախազություն: Մեղադրյալ Մենուա Հովսեփյանն առաջադրված ինչպես նոր, այնպես էլ նախորդ մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում: Նշենք, որ Գորիսի փոխհամայնքապետը մեղադրվում է նաև վատնման և նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար:
Նրա պաշտպանի խոսքով՝ համայնքի կողմից սոցիալական օգնություն տրամադրվել է բոլոր տարիներին: Ըստ պաշտպանի՝ սոցիալական օգնությունը տրվում է համաձայն կարգի, և այդ կարգը խախտելու դեպքում համայնքն իրավունք ունի տրամադրված գումարները վերադարձնել բյուջե:
Էդգար Արամյան, Մենուա Հովսեփյանի պաշտպան - Դրամական աջակցություն ստանալու կարգը նախատեսում է բացառություն այն անձանց նկատմամբ, որոնք ունեն տեղական հարկեր և տուրքերի պարտքեր: Համայնքապետարանն այդ գումարները տվել է անկախ նրանից, թե նրանք այդ հարկերն ունեցե՞լ են, թե՞ ոչ:
Դիտարկմանը, որ ըստ գործի դրամական աջակացություն տրամադրվել է ընտրությունների նախաշեմին, պաշտպանը ասաց.
Էդգար Արամյան - Համաձայն կլինեի դրա հետ այն ժամանակ, երբ գործով որևէ փաստական տվյալ ձեռք բերվեր, որ այդ գումարները փոխանցվել են հենց այդ ընտրությունների նախաշեմին՝ ինչ որ ակնկալինքեր ստանալու նպատակով: Բայց նման փաստական տվյալ կամ ապացույց վարույթն իրականանցող մարմինը ձեռք չի բերել:
Խոսելով մյուս մեղադրանքի՝ նախընտրական քարոզչությանը հարկադրելու մասին, պաշտպանն ասաց՝ միակ ապացույցը Քարահունջի ղեկավարի ցուցմունքն է: Ըստ գործի՝ Հովսեփյանը նրանից պահանջել է «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար ապահովել 80 անձի ներկայություն:
Փոփոխված մեղադրանքը չի ընդունում նաև Իրինա Յոլյանը: Նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, խոսելով մեղադրանքի մասին, ասաց.
Էրիկ Ալեքսանյան, փաստաբան - Այդտեղ որևէ կարգի խախտմամբ որևէ անձի գումար չի տրամադրվել: Բայց եթե անգամ պայմանականորեն ընդունենք, որ կարգի խախտմամբ են տրամադրվել դրամական միջոցառումները, ապա այդ կարգի 15-րդ կետը նախատեսում է, որ սխալմամբ տրամադրված գումարները կարող են հետ վերադարձվել:
Նշենք, որ քրեական գործի նյութերը բաղկացած են 9 հատորից: Դրանց ծանոթանալու համար պաշտպանական կողմին 3 օր ժամանակ է տրամադրվել:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան