Արարատի մարզի Դիտակ, Արմավիրի մարզի Լուսագյուղ, Լոռու մարզի Ձորագյուղ և Վահագնաձոր, Կոտայքի մարզի Գեղադիր և Մայակովսկի համայնքներում վերաբացվել են 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ:
Նշված համայնքների նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործարկման համար ՀՀ կառավարության սեպտեմբերի 8-ի N 1459-Ն որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 13568,8 հազար դրամ գումար էր հատկացվել` հաշվի առնելով, որ համայնքներում առկա շենքային բարենպաստ պայմաններով հաստատությունները պահպանման և շահագործման ծախսերի բացակայության պատճառով չէին գործում:
Մանկապարտեզների պահպանման ծախսերը չէին ապահովվում` հաշվի առնելով համայնքային բյուջեների փոքր չափերը: Առաջիկայում՝ համայնքների խոշորացումից հետո, մանկապարտեզների գործունեության շարունակականությունը կապահովվի համայնքային բյուջեների հաշվին։
Վերաբացված 6 նախադպրոցական ուսումնական հաստատություններ կարող է հաճախել 226 երեխա` իրացնելով կրթության իրենց իրավունքը: