«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհների 9 վթարավտանգ կետերում կիրականացվեն ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ Վթարավտանգ երկու կետերը գտնվում են Տավուշի մարզում՝ Դիլիջանի ոլորաններում (կմ 83+400-կմ 84+633 և կմ 86+000-կմ 86+500 հատվածներ), իսկ 7 կետերը՝ Վայց ձորի և Սյունիքի մարզերում (կմ 147+700-կմ 148+922, կմ 183+000-կմ 184+000, կմ 189+000-կմ 190+000, կմ 242+181-կմ 243+000, կմ 306+000-կմ 311+000, կմ 315+000-կմ 316+126 և կմ 317+000-կմ 318+228 հատվածներ)։
Աշխատանքները կատարելու համար պայմանագրեր են կնքվել «Արհովշին» ընկերության հետ։ Անվտանգության աշխատանքները կմեկնարկեն արդեն առաջիկա օրերին. կկատարվեն գծանշումներ, կտեղադրվեն արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, որոշ հատվածներ կասֆալտապատվեն, կիրականացվեն նաև այլ աշխատանքներ։ Աշխատանքները, ըստ պայմանագրի, նախատեսված է ավարտել 6 ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Հ-8 և Մ-5 ճանապարհների 9 վտանգավոր կետերում արդեն իսկ կատարվել են անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ Համանման աշխատանքներ են նախատեսված նաև այլ ճանապարհահատվածների վրա։