Ակտիվացել է Հավայան կղզիների Կիլաուեան հրաբուխը՝ երկրագնդի ամենաակտիվ հրաբուխներից մեկը: ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնում է, որ լավան առայժմ խառնարանի տարածքում է և մոտակա բնակավայրերի համար սպառնալիք չի ներկայացնում: Տարածքը բաց է զբոսաշրջիկների համար: 2018 թ. Կիլաուեան ժայթքում էր չորս ամիս շարունակ, լավան ոչնչացրել էր հարյուրավոր տներ՝ գրում է Euronews-ը:
Իսպանական Լա Պալմա կղզում էլ հրաբխի ժայթքումը շարունակվում է արդեն երկու շաբաթ: Ժայթքման ժամանակ երրորդ ճեղքն է բացվել Կումբրե Վիեխա խառնարանում: Ըստ վերջին տվյալների՝ լավայի նոր հոսքերը չեն շարժվել արդեն հաստատված ուղղությամբ և նոր ճանապարհին սպառնում են նոր ավերածություններով: Հրաբխի լավան սկսել է լցվել Ատլանտյան օվկիանոս և առաջացրել է դելտա՝ կղզուն կից ստեղծելով հավելյալ զանգված: Օվկիանոսի ջրի հետ լավայի միախառնումից առաջանում են թունավոր գազեր:
Հրաբխի ժայթքման ընթացքում լավան ծածկել է ավելի քան 300 հա տարածք և ավերել հազարից ավելի տուն: Կղզու տարածքը հայտարարվել է աղետի գոտի, հազարավոր տեղի բնակիչներ տարհանվել են: Օդանավակայանը փակ է, նավերի տեղաշարժը՝ սահմանափակ: Շատ վայրերում բնակիչներին խորհուրդ է տրվում դուրս չգալ տներից և պատուհանները փակ պահել: