ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ՝ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Հայաստանը պատրաստ է վերսկսել Ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորման բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, այսօր Չեխիայի հանրապետության իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Գործընթացը պետք է հիմնված լինի հայտնի սկզբունքների և տարրերի վրա: Այս համատեքստում հայկական կողմը գնահատում է Չեխիայի դիրքորոշումը, որը համահունչ է Եվրամիության մոտեցումներին՝ համատեղ հայտարարության ժամանակ նշել է Արարատ Միրզոյանը:
Արարատ Միրզոյան (ՀՀ արտաքին գործերի նախարար) - Այս համատեքստում կցանկանայի կարևորել սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ԵԱՀԿ համանախագահների հետ և Ադրբեջանի ԱԳՆ-ի հետ հանդիպումներս, որոնք գալիս են փաստելու, որ հակամարտության խաղաղ, քաղաքական կարգավորումը մնում է օրակարգում:
Արարատ Միրզոյանը և Յակուբ Կուլհանեկը քննարկել են Արցախյան հակամարտության հետ կապված հումանիտար մի շարք հարցեր, ինչպես նաև ընդգծել գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը:
ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ
Հայաստանը և Չեխիան ցանկանում են նոր լիցք հաղորդել երկկողմ հարաբերություններին: Նախարար Կուլհանեկի հետ Հայաստան են ժամանել չեխական 13 ընկերության ներկայացուցիչներ: Ներկայիս տնտեսական ցուցանիշները բավարար չեն, քանի որ առկա է մեծ պոտենցիալ՝ փաստեցին կողմերը:
Արարատ Միրզոյան - Պատրաստակամություն ենք հայտնել գործնական քայլեր ձեռնարկել՝ լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը:
Հայաստանն Արևելյան գործընկերության մաս է կազմում: Պաշտոնական Երևանը ստորագրել և վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:
Նախարար Յակուբ Կուլհանեկը հայտարարեց՝ Հայաստանը շատ կարևոր երկիր է Չեխիայի համար, չկա որևէ լուրջ խնդիր կողմերի միջև: Նաև անդրադարձավ մեր երկրում վերջին տարիներին տեղի ունեցած փոփոխություններին:
Յակուբ Կուլհանեկ (Չեխիայի արտաքին գործերի նախարար) - Չեխիայի հանրապետությունը գնահատում է այն առաջընթացը, որն արձանագրվել է Հայաստանում 2018 թվականից ի վեր՝ կապված ժողովրդավարության և հակակոռուպցիոն ջանքերի հետ:
Հունիսի 20-ի ընտրությունների անցկացումը ժողովրդավարության կանոնների համաձայն հնարավորություն է ստեղծում զարգացնել հարաբերությունները Եվրամիության հետ:
Չեխիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին: Այս համատեքստում Կուլհանեկն արձանագրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևորությունը:
Երկու երկրի արտաքին գործերի նախարարները մասնակցել են նաև հայ-չեխական բիզնես ֆորումին: Երկկողմ ապրանքաշրջանառությունը 2018 թվականին կազմել է մոտ 7 միլիոն դոլար: 2020-ին համավարակով պայմանավորված այն նվազել է: Այժմ կողմերը ձգտելու են զգալի բարելավել տնտեսական ցուցանիշները:
Արարատ Միրզոյան - Մենք խրախուսում ենք և բոլոր պայմանները կստեղծենք, որպեսզի ներդրողներն առավել ակտիվ ներգրավվեն: Գործարար միջավայրը հիանալի նախադրյալներ է ստեղծում ներդրումների համար:
Հայաստանը չեխ գործարարների համար դեռ բացահայտված չէ, արձանագրում է չեխական պատվիրակության հետ Հայաստան ժամանած գործարար Մարցել Կումանեցը: Իր ընկերությունն արտադրում է տարբեր բարդության ալյումինե իրեր:
Մարցել Կոմանեց (գործարար (Չեխիա)) - Հետաքրքիր էր ժամանել այստեղ, սեփական աչքերով տեսնել և տեղում ծանոթանալ ձեր երկրի հնարավություններին: Մենք դիտարկում ենք թե՛ Հայաստան արտահանման, թե՛ տեղում արտադրանք կազմակերպելու հնարավորությունը: Գուցե կգտնենք գործընկերների, որոնք կցանկանան մեզ հետ համագործակցել:
Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որ կարող են Եվրոպական բիզնեսին հետաքրքիր լինել՝ վերականգնվող էներգետիկայից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Հայաստանին լրացուցիչ գրավչություն է հաղորդում նաև ԵԱՏՄ-ի հանգամանքը՝ մոտ 180 միլիոնանոց շուկայով: Բիզնես քննարկումների արդյունքում չեխ գործարարները հույս ունեն կոնկրետ նախագծերի վերաբերյալ պայմանագրեր ստորագրել: