Խաղողագործ Մարտիկ Հովհաննիսյանը ափսոսում է. 6000 քառակուսի մետր խաղողի այս այգու դիրքն ու չափը հարմար չեն կաթիլային ոռոգման անցնելու համար: Ոռոգման համակարգերի նորագույն տեխնոլոգիաներ ունենալու՝ սուբսիդավորվող վարկերի պետական աջակցության ծրագրից այժմ օգտվում են երեք հեկտարից ավելի հողակտոր ունեցողները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարությունը քննարկման է դրել մինչև 3 հեկտար հողակտոր ունեցողողներին աջակցելու որոշման նախագիծը: Փոքր հողակտոր ունեցողներին էլ Կառավարությունը չի անտեսում. անձրևացման, կաթիլային արդի ոռոգման համակարգեր ներդնելու դեպքում առաջարկում է հինգ տարի փոխհատուցել ջրի վարձավճարը:
Կարեն Դաղբաշյան (Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ) - Ըստ նախկին տարիների փորձի՝ մենք ունենում ենք ջրի խնայողություն: Շուրջ մեկ հեկտար ներդրած կաթիլային հողատարածքում մենք ծախսում ենք 4000 մետր խորանարդ ջուր:
Մինչդեռ ավանդական՝ ակոսային եղանակով ոռոգելու դեպքում մեկ հեկտարի հաշվով ջրի ծախսը գերազանցում է 8 հազար մետր խորանարդը՝ ասում է մասնագետը: Կորուստներն են շատանում, որոշ այգիներ ջուր չի հասնում, հաճախ էլ մատակարարված ջրի դիմաց հավաքված գումարը չի համապատասխանում խորանարդ մետրերին:
Ջրային կոմիտեի մասնագետները հաշվել են՝ ընդհանուր առմամբ հնարավոր է ևս 22 հազար հեկտար մակերեսով փոքր հողակտորներ ոռոգել կաթիլային համակարգով:
Կարեն Դաղբաշյան - 22 հազար հեկտար հողատարածքներում նոր տեխնոլոգիաներով ոռոգելու դեպքում կունենանք շուրջ 88 միլիոն խորանարդ մետր օգտագործում:
Եթե հաշվի առնենք, որ ոռոգվող հողերի մի մասը համարվում է գերնորմատիվային, ապա ավանդական ոռոգման դեպքում 3 անգամ ավելի շատ ջուր է օգտագործվում, քան կաթիլայինի: Նոր տեխնոլոգիայով պատկերն այլ է. բացի խնայողությունից՝ ջուրն օգտագործվում է նպատակային՝ կրճատվում է հողօգտագործողի ծախսը, աշխատանքը, բարձրանում բերքի որակը: