Արդյունաբերական ընկերությունը և Հայաստանի կառավարությունը հայտարարել են, որ ընկերությունը կառավարությանն է նվիրաբերել իր բաժնետոմսերի 25 տոկոսը։ Երեկ հայտնի դարձավ, որ կառավարությունն ընկերությունից որպես նվիրատվություն ընդունել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում վերջինիս պատկանող 25 տոկոս կամ 412 հազար 250.75 հատ սովորական բաժնետոմսերը՝ 20 հազարական դրամ անվանական արժեքով: Բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահվել է վարչապետի աշխատակազմին:
Մինչև երեկ հանրությանը հայտնի էր, որ կոմբինատի բաժնետոմսերի 75 տոկոսը պատկանում էր հենց կոմբինատին, 12.5 տոկոսը՝ մի քանի ընկերության միջոցով՝ Ռուսաստանի առողջապահության ու սոցիալական զարգացման հարցերի նախկին նախարար Միխայիլ Զուրաբովին, մնացած 12.5 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի» պատգամավոր Վահե Հակոբյանի եղբորը՝ կոմբինատի նախկին տնօրեն Մհեր Պոլոսկովին ու կոմբինատի ղեկավարներից Նարեկ Ամբարյանին։
Կառավարության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ «Արդյունաբերական ընկերությունը» «Գեոպրոմայնինգ Արմենիային» պատկանող ընկերություն է, որն էլ այս տարվա սեպտեմբերի 30-ին ձեռք է բերել կոմբինատի 60 %-ը։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանությամբ են հանդես եկել «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ Ռոման Տրոցենկոն և փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:
Ռոման Տրոցենկո, «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի անդամ - «Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում ներկայություն ունի երկար տարիներ, և մենք արդեն գրեթե 2 տասնամյակ է վստահելի գործընկեր ենք Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու և ԶՊՄԿ-ում մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով Հայաստանի Հանրապետության 15 % բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ-ի սեփական կապիտալում: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, և սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանի Հանրապետությունը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը։
Սուրեն Պապիկյան, ՀՀ փոխվարչապետ - Շնորհակալություն ենք հայտնում «Արդյունաբերական ընկերությանը»՝ Հայաստանի ժողովրդին երկրի խոշորագույն ակտիվներից մեկում մասնաբաժին ունենալու հնարավորություն ընձեռելու համար: Սա տարածված գործելակերպ է հանքարդյունաբերության ոլորտում ամբողջ աշխարհում. այս գործարքը կարող է Հայաստանի ժողովրդին ցույց տալ, թե ինչպես է ժամանակակից աշխարհում գործում իրական հանրային մասնակցությունը և ընդհանուր արժեքների ստեղծումը բիզնես-հանրություն ոլորտում: Վստահ ենք, որ այս համատեղ նախագիծը կդառնա սկիզբ՝ Հայաստանում ավելի լավ կառավարվող, ավելի ընդգրկուն և կայուն հանքարդյունաբերության համար, որի արդյունքում կշահեն թե՛ երկիրը, թե՛ ներդրողները:
Ռոման Տրոցենկոն բացի տնօրենների խորհրդի անդամ լինելուց նաև «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության գլխավոր սեփականատերն է՝ 2020-ի հուլիսից: Թե կոնկրետ ում բաժնեմասն է գնել ռուս միլիարդատերը, ընկերությունից «Լուրերին» չհայտնեցին: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2020 թվականի Հայաստանի 3-րդ խոշոր հարկատուն է՝ վճարած ավելի քան 41 մլրդ 689 մլն դրամ հարկերով: Ուշագրավ է, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում կոմբինատին հաջորդում է հենց «Գեոպրոմայնինգ Գոլդը»:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան