Հայաստանի մարզերից 6-ը պատրաստվում է ՏԻՄ ընտրությունների: Որոշ մարզերում դրանք առաջին անգամ են համամասնական ընտրակարգով անցկացվելու և ընթանալու են համայքների խոշորացման գործընթացին գրեթե զուգահեռ: Ընդդիմադիրները, մինչդեռ, գործընթացն անվանում են քաղաքական: Պատգամավոր Վահագն Հովակիմյանն ասում է՝ համամասնական ընտրություններով կփորձեն լուծել համայնքներում անձիշխանության խնդիրրը: Ինքը համաձայն չէ այն մտքի հետ, որ համայնքների խոշորացմամբ իշխանությունը ցանկանում է պայքարից դուրս մղել չաշխատող համայնքապետերին:
Վահագն Հովակիմյան, ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն - «Եթե անձն այդ ազդեցությունն ու հեղինակությունն ունի, այդ նույն խոշորացված համայնքում ինքն ուղղակի կհաղթի, նրա քաղաքական ուժը կհաղթի, բայց բոլորս հասկանում ենք, որ խոշորացումը մեր ՏԻՄ զարգացման համար անխուսափելի է:
Առցանց քննարկման մասնակիցները քաղաքական ուժերին հորդորում են մասնակցել ՏԻՄ ընտրություններին, ապահովել նախևառաջ քաղաքական մրցակցություն: Իսկ համամասնական ընտրակարգն, ըստ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետի, կարող է ապահովել մրցակցություն ու ավելի լավ համայնքապետ ունենալու հնարավորություն: Աշոտ Գիլոյանի համոզմամբ՝ համայնքների խոշորացումն ընտրությունների արդյունքների վրա չի կարող վճռորոշ ազդեցություն ունենալ:
Աշոտ Գիլոյան, ՀՀ ՏԿԵ նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ - Խոշորացման պարագայում համամասնական ընտրությամբ, քաղաքական ընտրությամբ պայմանավորված՝ մեկ գյուղում, երկրորդ գյուղում, երրորդ գյուղում պաշտոնակատար ով կլինի, դա բոլորովին ազդեցություն չի կարող ունենալ միավորված քաղաքական ընտրության վրա:
Թե ինչպիսի ընտրություններ պետք է սպասել առաջիկայում, քննարկման մասնակիցները դժվարանում են կանխատեսել, բայց վստահեցնում են՝ համամասնական ընտրակարգի ներդրումը մարզերում մեծ առաջընթաց է ապահովելու: Աշոտ Գիլոյանը չի բացառում, որ նորամուծությունը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Ասում է՝ արդյունքները կվերլուծեն ու հետևություններ կանեն: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից Վարդինե Գրիգորյանն էլ կարևորում է բանավեճերի կազմակերպումը, ասում՝ ողջունելի նախադեպ կարող է լինել:
Վարդինե Գրիգորյան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող - Մենք տեսնում ենք, որ ՏԻՄ ընտրությունները կարևորվում են ընդհանուր հանրապետության համար և ոչ թե առանձին համայնքների: Խոշորացվող համայնքների դեպքում սա շատ էական պետք է լինի: Այսինքն՝ համայնքները պետք է տեսանելի լինեն ընդհանուր համապետական մակարդակում:
Խոշորացվող համայնքների գործող ղեկավարների մեղադրանքները, թե համայնքների խոշորացման միջոցով իշխանությունը փորձում է իրենցից ազատվել, քննարկման մասնակիցներն այնքան էլ տրամաբանական չեն համարում: Փոխարենն արձանագրում են տեսածն ու լսածը, երբ տարիներ շարունակ նույն մարդու կողմից ղեկավարվող համայնքում առաջընթաց չի լինում:
Վարդինե Գրիգորյան - Ունենք համայնքի ղեկավարներ, որոնք արդեն 6-7 անգամ վերընտրվել են ու չենք էլ հասկանում՝ ինչու, որ արժանիքների համար, բայց իրենք շարունակում են մրցակցությունից դուրս մնալ: Այդ արատավոր պրակտիկան պետք է հաստատ վերանայվի ու հաստատ ընտրողներն այդ հնարավորությունն ունենան:
Մասնագետները նաև արձանագրում են՝ կառավարող ուժի համար ՏԻՄ ընտրությունները հնարավորություն են շարունակելու հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաջողությունը՝ ամրապնդելով դիրքերը նաև համայնքներում, մյուս կողմից՝ այս ընտրությունները կարող են մյուս ուժերի համար քաղաքական հայտ ներկայացնելու հնարավորություն դառնալ: