Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Ադրբեջանի հետ սահմանին, հոկտեմբերի 1-ին սկսել է «Խայբարը նվաճողները» անունով զորավարժությունը՝ հրետանու, զրահատեխնիկայի, անօդաչու թռչող սարքերի ու ռազմական ուղղաթիռների ներգրավմամբ: Նպատակն է ստուգել Իրանի զինված ուժերի պատրաստվածության աստիճանը, բարձրացնել մարտունակությունը և փորձարկել զինտեխնիկան: Զորավարժանքն սկսվեց գեներալ Կիումարս Հեյդարի ելույթով՝ ուղղված նաև Հայաստանի հարևաններին:
Կիումարս Հեյդարի, Իրանական բանակի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ - Իրանը վստահ չէ, որ ահաբեկիչները դուրս են բերվել այս տարածաշրջանից: Այս հարցն Իրանի համար զգայուն է: Իրանի համար անընդունելի է տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը: Բոլոր օրինական սահմանները պետք է պահպանվեն: Ժամանակին այս տարածաշրջանում պատերազմ է եղել, իսկ հիմա անվտանգության ու վերակառուցման ժամանակն է:
Վերջին 2 դարերի ընթացքում Իրանը երբեք ագրեսոր չի եղել և երբեք հարևան երկրների տարածքների վրա աչք չի դրել ու բացառապես ինքնապաշտպանվել է՝ նշել է գեներալը և հիշեցրել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 4-5 զորավարժություն է անցկացվել Իրանի հյուսիսային սահմաններին, և հիմա էլ հարևան երկիրը վարժանքներ է անցկացնում Թուրքիայի հետ: Գեներալն անդրադարձել է նաև Գրիս-Կապան ճանապարհին իրանական բեռնատարների համար ադրբեջանական կողմի ստեղծած խնդիրներին:
Կիումարս Հեյդարի - Ադրբեջանից դեպի Իրան և այնտեղից դեպի Թուրքիա կամ Նախիջևան, կամ Իրանից դեպի Ադրբեջան և Հայաստան բեռնատարների երթևեկությունը պետք է իրականացվի լիակատար անվտանգության և խաղաղության պայմաններում և ակնկալվում է, որ երկրները կկատարեն իրենց պարտավորություններն ու կհարգեն անվտանգությունը, տնտեսական ուղիներն ու էներգետիկայի տարանցման գործընթացը և հեռու կմնան զանգվածային լրատվամիջոցների խաղերից:
Հեյդարին պարզաբանել է, որ այս զորավարժությունը հատուկ զգայունություն ունի և դա տարածաշրջանի երկրներում Իսլամական պետության ահաբեկիչների թաքնված ու բացահայտ ներկայությունն է: Գեներալը հստակեցրել է, որ ահաբեկիչները տարածաշրջան են եկել Հայաստան-Ադրբեջան պատերազմի ժամանակ՝ տարածաշրջանի երկրներից մեկի հրավերով: Մենք վստահ չենք, որ նրանք դուրս են եկել տարածաշրջանից և այս զորավարժության անցկացմամբ նրանց ուղերձ է հղվում՝ զորավարժության նպատակը պարզաբանել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչը:
Ադրբեջանի սահմանին մոտ տեղի ունեցող իրանական զորավարժությունների հետ կապված օրեր առաջ դժգոհել էր Ադրբեջանի նախագահը: Պաշտոնական Թեհրանը արձագանքել էր՝ նշելով, որ Ալիևի հայտարարությունը զարմանք է առաջացնում։