Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը ներկայացրել է Անկարայի զայրույթը աշխարհաքաղաքական փոփոխություն կատարող ֆրանս-հունական ռազմական դաշինքի նկատմամբ՝ գրում է Greekcitytimes-ը:
«Հունաստանի մաքսիմալիստական ծովային իրավասությունը և օդային տարածքի նկատմամբ հավակնությունները հակասում են միջազգային իրավունքին»,- ասել է նա՝ չնշելով այն կոնկրետ օրենքը, որը Հունաստանը խախտել է:
«Սին երազանք է մտածել, որ Հունաստանը կարող է մեզ ստիպել ընդունել այն պահանջները, որոնք կասկածի տակ է դնում նաև միջազգային հանրությունը: Թուրքիայի դեմ երկկողմ ռազմական դաշինքներ կազմելով՝ նրանք վնասում են նաև ՆԱՏՕ-ի դաշինքին»,- ասել է խոսնակը:
Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ Թուրքիան Ռուսաստանից S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգի երկրորդ խմբաքանակը ձեռք բերելու գործընթացում է՝ չնայած ՆԱՏՕ-ի բողոքներին ու ԱՄՆ կողմից հետագա պատժամիջոցների սպառնալիքներին:
«Համագործակցության փոխարեն Աթենքի որդեգրած սպառազինման, ինչպես նաև Թուրքիային մեկուսացնելու և օտարելու քաղաքականությունը էապես կվնասի Հունաստանին և ԵՄ-ին, որի անդամն է»,- ասել է Բիլգիչն ու հավելել. «Սա խնդրահարույց քաղաքականություն է, որը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը»:
Այս շաբաթվա սկզբին Հունաստանն ու Ֆրանսիան պաշտպանական համաձայնագիր ստորագրեցին Փարիզում: Այն նախատեսում է Ֆրանսիայի անհապաղ ռազմական օգնությունը Հունաստանին և հակառակը՝ երրորդ երկրի հարձակման դեպքում, նույնիսկ եթե այդ երկիրը միևնույն դաշինքների կազմում է, օրինակ՝ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի անդամ է:
Միաժամանակ Հունաստանը ռեկորդային ժամկետներում կստանա 3+1 «Բելհարա» ֆրեգատներ՝ հակաօդային և հակասուզանավային պաշտպանության ամբողջական հագեցվածությամբ ու օդային թիրախները շատ մեծ հեռավորությամբ խոցելու հնարավորություններով: