ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են՝ 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրվում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը:
Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ) միջպետական միավորում է, որը հիմնադրվել է 1991 թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի ստորագրմամբ: Համաձայնագրով հիմնվելով ժողովուրդների պատմական միասնության և նրանց միջև կապերի վրա, հաշվի առնելով պետությունների մտադրությունը՝ զարգացնելու իրենց հարաբերությունները պետական ինքնիշխանության փոխադարձ ճանաչման և հարգանքի հիման վրա, կողմերը պայմանավորվել են ԱՊՀ կազմավորման շուրջ:
Հուշադրամի անվանական արժեքը` 1000 դրամ, թողարկման քանակը` 500 հատ: Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: