Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցում է ավագանու անդամության թեկնածուների 40 հոգուց բաղկացած թիմով․ 13-ը կանայք են։
Նախընտրական ցուցակը գլխավորում է ՔՊ-ական Հովհաննես Հարությունյանը։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Ապագա Կա, Գյումրի» կարգախոսով:
«Քաղաքացիական պայմանագիրն» իր նախընտրական ծրագիրը ներկայացրեց Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում։
Ազգային Ժողովի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ Գյումրու ընտրությունները քաղաքական են, և անձերի պայքար չի լինելու։
Թորոսյանն ասաց, որ համայնքները կենտրոնական իշխանության ուշադրության կենտրոնում են, հիշեցրեց սուբվենցիոն ծրագրերի լայնածավալ ընթացքը և Կառավարության հատուկ վերաբերմունքը Գյումրիի նկատմամբ, ապա ասաց, որ ընտրություններից հետո այդ ուշադրությունն ավելի է մեծանալու։
ՔՊ նախընտրական ցուցակը գլխավորող Հովհաննես Հարությունյանը նախ անդրադարձավ հարցին, թե, լինելով Շիրակի մարզպետ, ինչու որոշեց մասնակցել ընտրություններին։ Ասաց, որ որոշումը հեշտ չի կայացրել։
Նախընտրական ծրագիրը, որտեղ անդրադարձ կա թե՛ քաղաքաշինական խնդիրներին, քաղաքի համաչափ զարգացմանը, թե՛ տրանսպորտին, աղբահանությանը, դրա վերամշակման միջոցներին, զբոսաշրջությանն ու թանգարաններին, մանրամասն ներկայացրեց քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը։
Գյումրիում շատ սուր է հատկապես թափառող շների հարցը, ՔՊ-ն խոստանում է ապաստարաններ կառուցել թափառող շների համար, փուլային կարգով մանկապարտեզներում ներդնել անվճար հումունքներով հաճախելիություն, բարելավել ենթուղային ցանցը՝ ապահովելով քաղաքային տրանսպորտի հասանելիություն մինչև կեսգիշեր։
Հարությունյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտին, հատուկ շեշտեց՝ գծատերեր չեն լինելու։