Տարեցների միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել և անձամբ է շնորհավորել Հացառատ թաղամասից 103-ամյա Թագուհի Իսպիրյանին՝ Գավառի տարածաշրջանի ամենատարեց բնակչին: Կարեն Սարգսյանը շնորհավորել է Թագուհի տատիկին և օրվա առթիվ պարգևատրել դրամով:
Զրուցելով մարզպետի հետ՝ տիկին Թագուհին նշել է, որ ծնունդով Հացառատ թաղամասից է, ունի 7 զավակ, 70 թոռ ու ծոռ և երկու կոռ: Տատիկին անհանգստացնող հիմնական խնդիրը կապված է տեսողության հետ, որի կարգավորման համար մարզպետ Կարեն Սարգսյանը հանձնարարել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ներկայացուցչին՝ միջամտություն ցուցաբերել և աջակցել բուժման կազմակերպման հարցում:
Թագուհի Իսպիրյանի և նրա զավակների հետ մարզպետի ունեցած զրույցի ընթացքում պարզ է դարձել, որ ընտանիքի թոռը՝ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասից զինծառայության զորակոչված Արտյոմ Հակոբի Մկրտչյանը, մասնակցել է 2020 թվականի Արցախյան պատերազմին և նոյեմբերի 25-ին ընկել հերոսի մահով՝ կյանքը զոհաբերելով հայրենիքի համար:
Մարզպետ Կարեն Սարգսյանը զորակցությունն է հայտնել հերոսի հարազատներին՝ կիսելով կորստյան ծանր վիշտը և պատրաստակամություն ցուցաբերել՝ իր լիազորությունների շրջանակներում աջակցել ընտանիքի անդամներին որոշ խնդիրների կարգավորման հարցում: