ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին։
Վահագն Խաչատուրյանը ողջունել է դեսպանին, անդրադարձել Ճապոնիայի տնտեսական հաջողություններին, որոնցում առանձնահատուկ դեր ունեն բարձր տեխնոլոգիաները։ Նախարարի խոսքով՝ Հայաստանի տնտեսության առաջընթացի, մասնավորապես բարձր տեխնոլգիական արդյունաբերության զարգացման համատեքստում Ճապոնիայի փորձը մեր երկրի համար օրինակելի կարող է լինել։
Խոսելով երկու երկրների միջև տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին՝ Վահագն Խաչատուրյանն առանձնացրել է հատկապես թվայնացման ուղղությամբ իրականացվող գործընթացները։ Նախարարը շեշտել է, որ Ճապոնիան թվային արդյունավետությամբ աշխարհում առաջատարներից է, և այս ոլորտում արդյունավետ համագործակցության իրատեսական նախադրյալներ կան։
Դեսպան Ֆուկուսիմա Մասանորին շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, նշել, որ Հայաստանը՝ որպես գործընկեր, շատ կարևոր երկիր է Ճապոնիայի համար։ Ֆուկուսիմա Մասանորին կարևորել է տնտեսական կապերի, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ամրապնդումը, մարզերի միջև գործակցային կապերի ընդլայնումը, երիտասարդների համար փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը։ Դեսպանի խոսքով՝ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար բազմաթիվ ռեսուրսներ կան, և ճապոնական կողմը համագործակցության մի շարք հնարավորություններ է տեսնում մեր երկրում։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև արդեն ձեռք բերված պայմանավորվածությանը, համաձայն որի՝ 2022 թվականին ճապոնացի փորձագետների խումբը կաշխատի մեր մասնագետների հետ։