Ավստրալիայի խոշորագույն Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը ուրբաթ հրաժարական է ներկայացրել, երբ կոռուպցիայի դեմ պայքարի վերահսկիչ մարմինը հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում՝ արդյոք նա ներգրավվա՞ծ է եղել «հանրային վստահությունը խախտող» գործողություններում՝ գրում է Reuters-ը:
Ըստ գործակալության՝ Բերեջիկլյանի ցնցող հրաժարականը տեղի է ունենում այն ժամանակ, երբ նահանգը, որն ունի ավելի մեծ տնտեսություն, քան Սինգապուրը, Թաիլանդը կամ Մալայզիան, պայքարում է երկրում COVID-19-ի բռնկման դեմ և պատրաստվում է դադարեցնել ամիսներ տևած արգելափակումները: Ավստրալիան մտադիր է նոյեմբերին բացել միջազգային սահմանները:
Բերեջիկլյանն ասել է, որ ստիպված է հրաժարական տալ, քանի որ հետաքննությունը երկար ժամանակ կպահանջի, իսկ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում պետությանը անհրաժեշտ է որոշակի վստահություն իր ղեկավարության նկատմամբ:
«Ես կտրականապես հայտարարում եմ, որ միշտ գործել եմ ազնվության ամենաբարձր մակարդակով»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Նոր Հարավային Ուելսի կոռուպցիայի դեմ պայքարի անկախ հանձնաժողովը (ICAC) իր կայքում տեղադրված հայտարարության մեջ նշել է, որ հոկտեմբերի 18-ին կանցկացնի լրացուցիչ հանրային լսումներ` Keppel Operation հետաքննության շրջանակներում:
Ըստ այդ հետաքննության՝ Բերեջիկլյանը ժամանակին գաղտնի հարաբերությունների մեջ է եղել նահանգի օրենսդրի հետ, որը կոռուպցիոն հետաքննության ուշադրության կենտրոնում է:
«Վարչապետի պաշտոնից իմ հրաժարականը չպետք է տեղի ունենար այս վատ ժամանակաշրջանում, բայց ժամանակն իմ վերահսկողությունից դուրս է: ICAC-ն որոշել է գործել նահանգի պատմության մեջ ամենածանր շրջանում»,- ասել է Բերեջիկլյանը:
Բերեջիկլյանը վարչապետ է դարձել 2017-ին: Նա գրեթե ամեն օր լրատվամիջոցներին տեղեկություններ էր հայտնում COVID-19 վարակի մակարդակի, մահերի և ձեռնարկությունների, դպրոցների ու տնային տնտեսությունների սահմանափակումների մասին:
Անցած շաբաթվա ընթացքում վարակի ամենօրյա ցուցանիշները սկսել են նվազել, քանի որ նահանգը մոտենում է պատվաստումների 70 տոկոսին և նախատեսում է հոկտեմբերի կեսերին տեղաշարժի ավելի մեծ ազատություն տալ:
Բերեջիկլյանը Նոր Հարավային Ուելսի երկրորդ վարչապետն է, որը հրաժարական է տալիս ICAC-ի հետաքննության պատճառով: Նահանգի առաջնորդ Բարրի Օ'Ֆարելը պաշտոնանկ եղավ 2014-ին, երբ ցուցմունքում նշեց, թե մոռացել է տեղեկացնել հանձնաժողովին, որ 3000 դոլար արժողության Grange գինու շիշ է նվեր ստացել:
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնն ասել է, որ Բերեջիկլյանը «հերոսական հատկանիշներ է դրսևորել» վարչապետի պաշտոնում, նախկին վարչապետ Մալքոլմ Թերնբուլն էլ Twitter-ում գրել է, որ Բերեջիկլյանը նվիրված բարեփոխիչ է, որը «նահանգը ղեկավարելիս համարձակ անցնել է հրդեհների ու համաճարակի միջով»:
Բերեջիկլյանը 12 ամիս առաջ ICAC-ի լսումների ժամանակ ցուցմունք է տվել ու չի ընդունել իրեն ներկայացված որևէ խախտում: