Ամերիկացի սենատորներ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ դեմոկրատ Քրիս Վան Հոլենը և հանրապետական Ջեյմս Լենկֆորդը հինգշաբթի գլխավորել են երկկուսակցական նախաձեռնությունը՝ կոչ անելով նախագահ Ջո Բայդենին՝ պատասխանատվության ենթարկել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին՝ «վերջին շրջանում Թուրքիայի քուրդ բնակչությանն ընտրական իրավունքից զրկելու, քաղաքական բազմակարծությունը երկրում թուլացնելու և հակաժողովրդավարական միջոցներով իր իշխանությունը ամրապնդելու համար»՝ գրում է greekcitytimes-ը:
«Մենք կոչ ենք անում ձեզ խստորեն դատապարտել երկրի ամենամեծ քրդամետ քաղաքական կուսակցությունը՝ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ցրելու նախագահ Էրդողանի ջանքերը և ԵՄ մեր գործընկերների հետ աշխատել՝ կանխելու ժողովրդավարությունից Թուրքիայի նահանջը»,- ասված է ԱՄՆ նախագահին ուղղված նամակում:
«Մենք նաև կոչ ենք անում Ձեզ՝ աջակցել ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության մեր ազգային արժեքներին Թուրքիայի հետ հարաբերություններում և ԵՄ մեր գործընկերների հետ հասկացնել նախագահ Էրդողանին, որ դեմոկրատական կուսակցությունը ցրելու, նրա անդամներին ձերբակալելու կամ պաշտոնից հեռացնելու ցանկացած փորձ լուրջ բացասական հետևանքներ կունենան Թուրքիայի համար»,- այս խոսքերով սենատորներն ավարտել են նամակը: