Մեր հանդիպման ընթացքում տեսակետներ փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: Այս մասին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ հայտարարության ընթացքում տեղեկացրեց Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը:
Նա հայտնեց, որ իր հայ գործընկերոջ հետ քննարկել են Արցախյան վերջին պատերազմը:
«Չեխիան սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքներին: Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո»,- ասաց Կուլհանեկը:
Յակուբ Կուլհանեկը հայտնեց, որ Չեխիան աջակցում է խաղաղ բանակցությունների շարունակությանը:
Նա նաև անդրադարձավ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ շեշտելով, որ Հայաստանը շատ կարևոր երկիր է Չեխիայի համար՝ երկկողմ հարաբերությունները սերտ և բարեկամական են:
«Չեխիայի Հանրապետությունը գնահատում է այն առաջընթացը, որ գրանցվել է Հայաստանում 2018-ից ի վեր՝ ժողովրդավարության և հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությամբ: Հուսով ենք՝ ջանքերը շարունակական կլինեն»,- հավելեց Չեխիայի արտգործնախարարը: