Հայ-չեխական հարաբերությունները հիմնված են երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի վրա, երկուստեք առկա հետաքրքրությունների վրա: Այս մասին այսօր Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկի հետ համատեղ հայտարարության ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մեծապես կարևորում ենք Չեխիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը՝ հիմնված ընդհանուր արժեքների, ժողովրդավարական սկզբունքների վրա: Նախարար Կուլհանեկի հետ անդրադարձ ենք կատարել երկկողմ և բազմակողմ համագործակցության մեր օրակարգին: Չեխիայի հետ ունենք քաղաքական երկխոսության և արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների արդյունավետ ձևաչափ: Գործում է նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, որն իր 5-րդ նիստն առաջիկայում կունենա Երևանում»,- ասաց Միրզոյանը:
Հայաստանի ԱԳ նախարարը տեղեկացրեց, որ Չեխիայի իր գործընկերոջ հետ փոխադարձ պատրաստակամություն են հայտնել գործնական քայլեր ձեռնարկել՝ լիարժեքորեն օգտագործելու առևտրատնտեսական ոլորտում առկա ներուժը:
«Համագործակցության լայն հնարավորություններ ենք տեսնում բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության ոլորտներում»,- նշեց Միրզոյանը: