Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը, արձագանքելով իրանական զորավարժությունների վերաբերյալ Իլհամ Ալիևի հայտարարությանը, նշել է, որ Իրանի և նրա հարևան ու բարեկամ երկրների սահմանների անվտանգության հարցը փոխկապակցված է, և մեծ կարևորություն ունի:
«Ինչպես արդեն հայտարարել ենք՝ հարևան երկրների սահմաններում փոփոխությունների կանխումը Իսլամական Հանրապետության ռազմավարություններից է, և մենք համարում ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն վնասում է մեր ներքին անվտանգությանը, և դա միշտ կարմիր գիծ ենք հայտարարել»,- նշել է Փաքփուրը:
Նա հիշեցրել է, որ այս ամիս տարածաշրջանում անցկացվել է ավելի քան յոթ զորավարժություն, իսկ վերջին մի քանի ամիսների ընթացքում՝ մոտ 37:
«Մենք չենք կարող ընդունել, որ որոշ երկրներ երրորդ կողմի ազդեցության տակ Իրանի զինված ուժերի պատրաստվածության մակարդակի բարելավման վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող և սադրիչ հայտարարություններ անեն և մեր գործողություններին վնաս հասցնեն»,- ասել է Փաքփուրը՝ հավելելով, որ հարևան պետությունները բոլորից լավ գիտեն Իրանի զորավարժությունների անցկացման պատճառները։
ԻՀՊԿ հրամանատարը նշել է՝ Իրանը չի հանդուրժի, որ որևէ երկիր վերածվի Իսրայելի գործողությունների և ներկայության համար բազայի ու ապահով վայրի: Նրա խոսքով՝ Իրանը թույլ չի տա, որ հարևան երկրի տարածքը Իսրայելի շահերի սպասարկման կենտրոնի վերածվի։