ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանել է «Լուրեր»-ի հարցին, որ չնայած ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությանն այն մասին, որ որևէ տեսակի միջանցքային տրամաբանություն չի քննարկվում, Ադրբեջանի նախագահը շարունակում է խեղաթյուրել եռակողմ պայմանավորվածությունների տրամաբանությունը՝ խոսելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին:
Զայցևը նշել է, որ Ռուսաստանը կենտրոնանում է հարաբերություններում նոր էջ բացելու, դրանց փուլային կարգավորման պատրաստակամության վերաբերյալ Բաքվի և Երևանի կողմից եկող դրական ազդակների վրա:
«Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խումբը շարունակում է իր գործունեությունը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով: Մեր կողմից նշում ենք Երևանի և Բաքվի դրական տրամադրվածությունը՝ հասնելու փոխընդունելի փաթեթային պայմանավորվածությունների, ինչը հնարավորություն կտա համատեղ աշխատանքը տեղափոխել նախագծային համագործակցության հարթություն»,- նշել է Զայցևը: