Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստերի դահլիճում առաջին անգամ տեղի է ունեցել պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), ԵՊՀ ընդունված առաջին կուրսեցիներին «Պետության կողմից պետական դրամաշնորհ ստանալու մասին» հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
ԵՊՀ-ում առաջին անգամ անցկացված միջոցառման ընթացքում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ նպատակը ուսանողների շրջանում պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պետական դրամաշնորհի հատկացման հարցում գիտակցության սերմանումն ու դրանից բխող պատասխանատվության բարձրացումն է։
«Մեր հանրության մեջ արմատավորված է այն միտքը, որ ուսանողը սովորում է անվճար համակարգում: Իրականում, սակայն, ամբողջ աշխարհում կրթությունը վճարովի է, անվճար կրթություն գոյություն չունի. խնդիրն այն է, թե ով է վճարողը: Այս դեպքում պետությունն է»,- ասել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը և ուսանողներին կոչ արել բարձրացնել պատասխանատվության զգացումը, առավելագույնս ապահովել դասերին ներգրավվածությունը և դրսևորել համալսարանականին վայել վարքագիծ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը շնորհավորել է առաջին կուրսեցիներին և հույս հայտնել, որ առաջին անգամ անցկացվող այդ միջոցառումը՝ պետական դրամաշնորհների հավաստագրերի տրամադրումը, կդառնա ավանդական ոչ միայն ԵՊՀ-ի, այլև մյուս բուհերի համար:
«Կարծում եմ՝ այս նախաձեռնությունը խորհրդանշական է այն առումով, որ թեև ուսանողներն ընդունվել են պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), բայց պետք է սովորեն գերազանց՝ պահելու իրենց տեղը»,- նշել է փոխնախարարը և տեղեկացրել, որ այժմ քննարկման փուլում են ֆինանսավորման մեխանիզմները, վարձավճարի սահմանաչափը փոփոխելու առաջարկները: Առաջիկայում էլ կլինի ֆինանսավորման նոր բանաձև՝ օրենքի տրամաբանության շրջանակում:
Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը ևս շնորհավորել է ուսանողներին, նրանց մաղթել հաջողություն՝ կոչ անելով կրթական համակարգից վերցնել առավելագույնը, դառնալ լավ մասնագետներ և կրթությունն ու գիտելիքը ծառայեցնել երկրի զարգացմանը: