ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես՝ 2021 թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Մեղրի մաքսային անցակետի» մաքսային զննման գոտում Ագարակ քաղաքի բնակիչը խոչընդոտել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իր ավտոմեքենան զննության ենթարկելու գործողությանը, վիճաբանել վերջիններիս հետ, եղբոր հետ ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել՝ աշխատակիցներին պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ եղբայրներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Եղբայրներից մյուսը ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ է ներգրավվել, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հետախուզվող անձին հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: