Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ ավելի շատ կարգապահական վարույթներ է հարուցելու, ավելի ուշադիր է լինելու դատավորների կողմից խախտումների նկատմամբ և դրա համար ներգրավել է ավելի շատ աշխատակիցների:
Խոսելով վեթինգի մասին՝ Անդրեասյանը նշեց. «Վեթինգի համար կա երկու ճանապարհ՝ կարգապահական վարույթները, որոնցով հատկապես շատացնում ենք ուշադրությունը և քանակները, բայց դա միակողմանի գործողություն չէ: Ես ակնկալում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը, որտեղ մարդիկ նույնպես խոսում են վեթինգի և համակարգը մաքրելու մասին, իրենք են այս ամբողջ գործընթացի գլխին կանգնած՝ որպես պետական մարմին, և մեր համագործակցությունը, այսինքն՝ ես, վարույթները հարուցեմ, իրենք քննեն գործերը և արդար որոշումներ կայացնեն, շատ շուտով կարող ենք ունենալ վեթինգի առաջին դրսևորումները իմ պաշտոնավարման ժամանակ: Դրանք սկսվել են, բայց կշարունակվեն»:
Նրա խոսքով՝ կարգապահական վարույթը վեթինգի ուղիներից մեկն է:
«Մենք հիմա քննարկում ենք նաև այլ ուղի՝ օրենսդրությամբ սահմանված հենց վեթինգի միանգամյա գործառույթ, որը ես հիմա քննարկում եմ քաղաքացիական հասարակության մեր գործընկերների հետ, որովհետև իրենք լուրջ փորձ ունեն այստեղ՝ տարբեր երկրներից կուտակված, և մենք նաև նայում ենք՝ հնարավո՞ր է մեր ներկայիս սահմանադրության պարագայում ունենալ վեթինգ՝ որպես առանձին գործառույթ»,- ասաց Անդրեասյանը: