ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ալեքսեյ Զայցևը ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ տարածաշրջանային այցերի վերականգնման շուրջ պայմանավորվածության վերաբերյալ Սերգեյ Լավրովի հայտարարության հետ կապված «Լուրեր»-ի հարցին՝ ևս մեկ անգամ վերահաստատել է ՌԴ ԱԳ նախարարի կողմից Մինսկի խմբի համանախագահների ջանքերի դրական գնահատականը:
«Նյու Յորքում սեպտեմբերի 24-25-ը տեղի ունեցած հաղորդակցության կարևոր արդյունք է հակամարտության երկու կողմերի համաձայնությունը եռանախագահների՝ տարածաշրջան այցելելու վերաբերյալ, որպեսզի շարունակվի տարածաշրջանում առաջնահերթ խնդիրների լուծման ուղիների որոնումը»,- ասել է Զայցևը։
Ըստ ՌԴ ԱԳՆ խոսնակի տեղակալի՝ դրանք առաջին հերթին վերաբերում են դրական միտումների խրախուսմանը և ամրապնդմանը՝ հայկական և ադրբեջանական կողմերի համագործակցության ապահովման միջոցով:
Զայցևը նշել է, որ համանախագահների այցերի ժամկետների և տեխնիկական այլ հարցերի վերաբերյալ համանախագահներն իրենք կհայտարարեն, երբ դրա անհրաժեշտությունը լինի: