«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քննադատությանը, որը France 24-ին տված հարցազրույցում կառույցին մեղադրել է «կողմնակալության և Ադրբեջանի նկատմամբ անարդար վերաբերմունքի» մեջ: Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ Մամուլի ազատության համաշխարհային վարկանիշում Ադրբեջանը 180 երկրի շարքում զբաղեցնում է 167-րդ տեղը: Առաջատար անկախ լրատվական կայքերի հասանելիությունն այնտեղ արգելափակված է։ Ընդդիմադիր ԶԼՄ-ների մեծ մասը լռեցվել են կամ ստիպված են եղել տեղափոխվել արտասահման, իսկ քիչ թվով անկախ լրագրողները, որոնք դեռևս մնում են Ադրբեջանում, ցանկացած պահի կարող են բանտարկվել: Նշվում է, որ Ադրբեջանի իշխանություններն օգտագործել են իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ցանցը՝ 40 լրագրողի, այդ թվում՝ արտասահմանում բնակվող որոշ անձանց հետևելու համար:
*****
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 29-ին համագործակցության հուշագիր է ստորագրել թուրքական «Բայրաքթար» ընկերության հետ: Փաստաթուղթն ստորագրել են Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրի Տարան և «Բայրաքթարի» գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարը: Թուրքական ընկերությունը կիրականացնի Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի սպասարկման, ընթացիկ վերանորոգման և արդիականացման, ինչպես նաև «Բայրաքթար» ԱԹՍ-ի շահագործման հետ կապված անձնակազմի ուսուցում: Նախատեսվում է, որ համագործակցության հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ների ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը: «Բայրաքթարը» նախատեսում է միջոցներ ներդնել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կառուցելու համար, որտեղ կաշխատեն ուկրաինացի մասնագետներ: 2018 թվականի նոյեմբերին Ուկրաինան Թուրքիայից գնել էր 69 միլիոն դոլարի «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր: Պայմանագիրը ներառում էր վեց մարտական անօդաչու թռչող սարք: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ուկրաինան Թուրքիայից կգնի ևս 24 ԱԹՍ: Թուրք-ուկրաինական հուշագրի հետ կապված իր անհանգստությունն է հայտնել պաշտոնական Մոսկվան: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլում կարծում են, որ Կիևին թուրքական սպառազինության փոխանցման դեպքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից այն կարող է հետագայում օգտագործվել սեփական ժողովրդի դեմ:
*****
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանձնաժողովում լսումների ընթացքում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ հարցեր է ուղղել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի առաջադրված թեկնածու, նախկին Հանրապետական սենատոր Ջեֆ Ֆլեյքին՝ վերջինիս դիրքորոշումը ճշտելու նպատակով: Ջեֆ Ֆլեյքը նախկինում բազմիցս դեմ է քվեարակել ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերի քննարկման ժամանակ: Չնայած այդ հանգամանքին` լսումների ժամանակ նա հայտարարել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Ֆլեյքն անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Թուրքիայի դերը բնութագրելով որպես ապակայունացնող: «Եթե թեկնածությունս հաստատվի, կխրախուսեմ Թուրքիային՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կայուն երկարաժամկետ լուծում գտնելու ջանքերին և կխրախուսեմ Արևելյան Միջերկրական ծովում տարաձայնությունների խաղաղ և դիվանագիտական լուծումների հարցում»,- նշել է նա:
*****
Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեկ տարվա ազատազրկման է դատապարտել։ Նրան մեղավոր են ճանաչել 2012 թ. նախագահական ընտրություններին իր քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման մեջ: Դատարանը եզրահանգել է, որ Սարկոզին շարունակել է նախընտրական հանրահավաքները՝ չնայած օրենքով սահմանված սահմանաչափերի գերազանցմանը: Ընտրարշավի համար ծախսվել էր ավելի քան 42 միլիոն եվրո՝ օրենքով թույլատրելի 22 միլիոն եվրոյի փոխարեն: Սարկոզին կենթարկվի տնային կալանքի՝ պատիժը կրելով էլեկտրոնային ապարանջանով: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կբողոքարկի պատիժը՝ հայտարարել է քաղաքական գործչի փաստաբան Թիերի Էրզոգը:
*****
ԵԽԽՎ-ն Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ կոչ անելով ակտիվացնել երկրին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերը: «Վեհաժողովը կոչ է անում Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին աշխատել Աֆղանստանի նկատմամբ համաձայնեցված, համակարգված և համահունչ արձագանքի հասնելու ուղղությամբ, ակտիվացնել Աֆղանստանին մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերը, շարունակել օտարերկրյա քաղաքացիների և աֆղանստանցիների տարհանումը և լրացուցիչ ջանքեր գործադրել` տարհանման գործողությունների համակարգման ու արդյունավետության ապահովման համար»,- ասվում է բանաձևում: Վեհաժողովը կոչ է անում նաև «թալիբների հետ զգույշ, պրագմատիկ և օպերատիվ փոխազդեցություն հաստատել՝ բանաձևում նշված խնդիրները լուծելու համար»:
*****
Վատիկանը հայտարարել է, որ բոլոր աշխատակիցներից պահանջվելու է պատվաստման ապացույց կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնել: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը պատվաստվել է դեռ հունվարին, մարդկանց բազմիցս հորդորել է պատվաստվել` դա անվանելով բարոյական պարտք: Աշխատողները, որոնք չունեն համապատասխան փաստաթղթեր, կհամարվեն «ոչ հիմնավոր պատճառով բացակայողներ» և աշխատավարձ չեն ստանա: Նոր քաղաքականությունն ուժի մեջ է մտնելու հոկտեմբերի 1-ից: