Կորոնավիրուսը, որ տարբեր օրգան-համակարգեր է ախտահարում, կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև տեսողական օրգանի՝ աչքի վրա: Հայաստանյան փորձն է ցույց տալիս՝ վարակի հետևանքը որոշ դեպքերում լինում է տեսողության վատթարացումը, երբեմն՝ կուրությունը:
Աննա Հովակիմյան (Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի վարիչ) - Շատ-շատ են դիմել, դիմում հիվանդներ՝ աչքի տարբեր խնդիրներով, ամենաշատը երևի հայտնի է կոնյունկտիվիտը՝ շաղկապենաբորբը, երբ մարդիկ գանգատվում են աչքերում որոշակի արտադրությունից, ժողովրդի բառերով ասած՝ ճպռոտելուց: Սակայն դա ամենամեղմ ախտահարումն է, որ նույնիսկ բժշկի չդիմելով՝ կարող է ինքնաբերաբար, 7-14 օրում, անցնել: Ցավոք, դիտվում են ավելի ծանր ախտահարումներ:
Բժշկի խոսքով՝ պատահում են լուրջ բորբոքումներ աչքի խոռոչում, թրոմբոզներ՝ ակնահատակում, քանի որ կորոնավիրուսը անոթային ախտահարում է առաջացնում: Եղել են նաև կուրության դեպքեր, երբ այնպիսի անոթներ են վնասվել, որ սնուցումը վերականգնել այլևս հնարավոր չի եղել:
Աննա Հովակիմյան - Եթե մարդը տանում է ծանր քովիդային հիվանդությունը, ասենք՝ մարդու մոտ առկա է թոքաբորբ, և նա հոսպիտալացվել է, բուժման սխեմաներում շատ հաճախ ներառվում են հորմոններ: Եվ հորմոնները երկարատև կիրառելիս կատարակտը կարող է շատանալ ու արագ խորանալ, և մարդիկ կարող են գալ-ասել, թե ես շատ լավ էի տեսնում, բայց այս հիվանդությունից հետո շատ վատ եմ տեսնում:
Նման դեպքերում,- ասում է բժիշկ Հովակիմյանը,- հայտնաբերվող հիմնական խնդիրը կատարակտն է, նաև գլաուկոման, բայց եթե այս հիվանդությունները հնարավոր է վիրահատել, թրոմբոզների պարագայում խնդիրն անհամեմատ բարդ է.
Աննա Հովակիմյան - Որովհետև եթե անոթը խցանվել է, և ցանցային այդ հատվածը չի սնուցվել երկար ժամանակ, և մարդը չի դիմել, երբեմն, ցավոք, լինում են անդարձելի ախտահարումներ:
Իսկ պատվաստանյութերն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ ակնային հիվանդությունների վրա և որքանո՞վ են անվտանգ: Այս օրերին Հայաստանում գտնվող Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլս Ստայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր Էնթոնի Ալդավեն հորդորում է տարբերակել շշուկների և ապացույցների վրա հիմնված տեղեկությունները:
Էնթոնի Ալդավե (Կալիֆոռնիայի համալսարանի Ջուլս Ստայնի անվան աչքի ինստիտուտի պրոֆեսոր) - Որքան ինձ է հայտնի, ոչ մի բացասական ազդեցություն մինչև հիմա պատվաստանյութերն աչքի վրա չեն թողել: Ուզում եմ շեշտել՝ կորոնավիրուսի բացասական հետևանքները շատ ավելի ծանր են, մահվան վտանգն էլ՝ ավելի մեծ, քան այն չնչին ռիսկը, որ ներկայացնում է պատվաստանյութն իր հնարավոր հետևանքներով:
Բժիշկը նկատում է՝ տարբեր երկրներում օգտագործվում են տարբեր արտադրության պատվաստանյութեր, բայց դրանք բոլորը նվազեցնում են վարակվելու և հետագա բարդությունների հավանականությունը:
Ամերիկացի պրոֆեսորը շեշտում է՝ ոչ ոք չի խոստացել, որ պատվաստանյութը վարակից պաշտպանելու է հարյուր տոկոսով, սակայն սա հիվանդությունը կանխարգելելու ամենաարդյունավետ միջոցն է:
Հեղինակ՝ Աննա Զախարյան