Հայաստանի քաղաքացիներն ամեն օր պետք է զգան Կառավարության կողմից իրականացվող միջոցառումների ազդեցությունն իրենց կյանքի վրա: Այս մասին Կառավարության նիստում 2022թ. ՀՀ պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սրա կարևոր բաղադրիչ է հասարակական լայն շերտերի ներգրավվածությունը բյուջեի կազմման և իրականացման տարբեր փուլերում, ինչի ուղղությամբ արդեն իսկ բավականին քայլեր են արվել նախորդ 3 տարիների ընթացքում, և մեծ ուշադրություն է դարձվելու առաջիկայում ևս: 2022 թվականի բյուջեն հենվում է 3 հիմնական առաջնահերթությունների վրա՝ անվտանգության համակարգի բարեփոխում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում: Մեծ ուշադրություն ենք դարձնելու անվտանգության ապահովմանը, առանց որի հնարավոր չի լինի իրագործել երկարաժամկետ զարգացման նպատակները: Այս իմաստով կարևոր է ոչ միայն բանակի պաշտպանական կարողությունների արդիականացումը, այլև ՀՀ-ի շուրջ բարենպաստ արտաքին միջավայրի ձևավորումը, Հայաստանի, Արցախի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգի հետևողական իրագործումը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ այս տեսանկյունից կարևոր են նաև տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների վերաբացումն ու զարգացումը, ինչը կարող է որակապես փոխել ՀՀ տնտեսության բովանդակությունը և կառուցվածքը, լրացուցիչ խթան դառնալ ներհայաստանյան ենթակառուցվածքների զարգացման համար, ապահովել երկարաժամկետ ներառական տնտեսական աճ՝ Հայաստանի քաղաքացիների համար ստեղծելով հավասար պայմաններ տնտեսական գործունեության մեջ ներգրավվելու համար, էականորեն բարձրացնել երկրի գրավչությունը օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: