Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին «շատ մեծ սուտ» է որակել բրյուսելյան EUobserver պարբերականի տեղեկատվությունն այն մասին, որ Եվրամիության առաջատար երկրները նախատեսում են քննարկել Վրաստանի և մի շարք այլ երկրների հետ առանց վիզայի ռեժիմի սառեցման հարցը՝ փոխանցում է ТАСС-ը:
Նա նշել է, որ Վրաստանից Եվրամիությունում ապաստան հայցողների թիվը վերջերս ոչ միայն չի աճել, այլև զգալիորեն նվազել է: Զալկալիանիի խոսքով՝ Վրաստանի կողմից առանց վիզայի ռեժիմի պարտավորությունների կատարումը Եվրամիությունում շատ դրական է գնահատվել, ուստի այդ ռեժիմի սառեցման անհրաժեշտություն չկա:
EUobserver-ը ավելի վաղ հայտնել էր, որ ԵՄ առաջատար պետությունները, մասնավորապես՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԵՄ խորհրդի աշխատանքային խմբերում նախաձեռնել են քննարկում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և Բալկանյան թերակղզու պետությունների համար առանց վիզայի ռեժիմի սառեցման հնարավորության հարցի շուրջ՝ այդ երկրների քաղաքացիների կողմից ԵՄ-ի միգրացիոն նորմերի զանգվածային խախտումների շարունակման դեպքում: Պարբերականի պնդմամբ՝ 2021 թ. ամռանը Վրաստանից ապաստան խնդրողների և միգրանտների թիվը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51 տոկոսով, Մոլդովայում նույն ցուցանիշը կազմել է 429 տոկոս: