Հայաստանն ու Ղազախստանը ԵԱՏՄ երկրների շարքում համարվում են օրգանական գյուղմթերք արտադրող առաջատար երկրներ: Սակայն ստեղծվել է մի իրավիճակ, որ հինգ երկրում օրգանական գյուղատնտեսության հարցերը կարգավորվում են ներպետական օրենսդրությամբ, որոնք հաճախ նաև հակասում են իրար:
Արտակ Քամալյան (ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով նախարար) - Օրինակ՝ ԵԱՏՄ մի երկրում օրգանականը համարվում է այն արտադրանքը, որի վրա գրված է օրգանիկ, բիո ֆերմերային, մյուս երկրում մենակ մարկիրովկան պետք է լինի օրգանիկ: Մի երրորդ երկրում ուրիշ բան պետք է լինի:
ԵԱՏՄ ընդհանուր շուկայում նման հակասությունները չեն խթանում երկրների օրգանական արտադրության զարգացումը՝ ասում է Արտակ Քամալյանը, նկատում՝ տարբերություններ կան նաև արտադրության չափորոշիչներում:
Արտակ Քամալյան - Ասենք՝ մի երկրում, օրինակ, մեղվի փեթակը ճանապարհից պետք է լինի յոթ կիլոմետրի վրա, մի տեղ էլ, ասենք, 15 կիլոմետրի վրա:
Հիմա Եվրասիական տնտեսական հանձնաժողովը փորձում է ոլորտը միասնական դարձնել: Մեր երկրում գործում է նաև արտադրանքի հավաստագրման եվրոպական կարգը: Հայաստանը վաղուց օրգանական արտադրանք է արտահանում եվրոպական երկրներ: Եթե օրգանական արտադրության ծավալներով Ռուսաստանն է, իր մեծության շնորհիվ, աչքի ընկնում, փորձով ԵԱՏՄ բոլոր երկրները Հայաստանին մրցակից չեն:
Արտակ Քամալյան - Հայաստանի չափ փորձ ունեցող օրգանիկայում ԵԱՏՄ-ում չկա էդպիսի երկիր, մենք նախ շատ լավ ենք հասկանում: Էսօր հենց Ռուսաստանի փոխնախարարն էր ասում այդ մասին, որ մենք Հայաստանի օրինակներից օգտվելով՝ զարգացնում ենք մեր օրգանական գյուղատնտեսությունը:
Չրերի արտադրությունից մինչև հացահատիկային մշակաբույսեր, անգամ առողջապահությունում կիրառվող տարբեր մրգերի կորիզային յուղերի օրգանական արտադրություններին տարիներ առաջ աջակցեց Ավստրիական զարգացման գործակալությունը: Հիմա ծրագիրը շարունակում է Եվրամիության Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնությունը: