Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը շարունակում է մարզային հանդիպումները:
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն այցելել է Լոռու մարզի Վանաձորի և Ստեփանավանի նստավայրեր, ինչպես նաև Արմավիրի մարզի դատարաններ: Մարզային շրջայցի նպատակը նորանշանակ դատավորների աշխատանքային պայմաններին, ծանրաբեռնվածությանը և այլ խնդիրներին ծանոթանալն էր:
Հայտնի է, որ Ստեփանավանում նշանակվել են սնանկության գործեր քննող երկու դատավորներ, իսկ մյուս նստավայրերում՝ քաղաքացիական գործեր քննող դատավորներ:
Ձմռան նախապատրաստական շրջանում Գագիկ Ջհանգիրյանը ծանոթացել է դատարանների շենքերի առաջ ծառացած` առաջնային լուծում պահանջող խնդիրներին, գույքային համալրվածությանը:
Խորհրդի նախագահի պաշտոնակատարը դատավորներին և դատարանների աշխատակազմերին տեղեկացրել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում դատավորների ծանրաբեռնվածության թեթևացման, քաղաքացիական ծառայությունից դատական ծառայության անցման, արխիվացման աշխատանքներն արագացնելու, արխիվացման նոր համակարգի ներդրման ուղղությամբ:
Մարզային հանդիպումները շարունակական են լինելու: