Ապացուցողական բժշկության տվյալներով՝ դեռևս չկա հակամարմինների հստակ սահմանված մակարդակ, որը կպաշտպանի անձին վարակվելուց:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի առաջարկում արյան մեջ հակամարմինների մակարդակի որոշում մինչև պատվաստումը: COVID-19-ի դեմ պատվաստումը կարող է իրականացվել՝ անկախ տվյալ անձի՝ նախկինում ախտանշանային կամ անախտանիշ COVID-19-ով հիվանդանալու փաստից, ասվում է ՀՀ առողջապահության նախարարության կայքում:
Ներկայումս դեռևս հայտնի չէ, թե որքան ժամանակ է պաշտպանված տվյալ անձը COVID-19-ով հիվանդանալուց և ապաքինվելուց հետո: Հետևաբար, կորոնավիրուսային հիվանդությունով (COVID-19) նախկինում հիվանդացած լինելու փաստը և արյան մեջ հակամարմինների առկայությունը հակացուցում չէ պատվաստվելու համար, քանի որ գրանցվում են նաև ծանր ընթացքով կրկնավարակի դեպքեր, իսկ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ առկա բոլոր պատվաստանյութերը կանխարգելում են հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը:
Միաժամանակ հարկ է նշել, որ Մեծ Բրիտանիայի վիճակագրական ազգային կենտրոնի տվյալների համաձայն՝ հավանականությունը քիչ է, որ ամբողջովին պատվաստված անձը կարող է մահանալ կորոնավիրուսից: Հունվարի 2-ից հուլիսի 2-ն ընկած ժամանակահատվածում Անգլիայում կորոնավիրուսից մահացել է 51,281 հազար մարդ, որոնցից ընդամենը 1.2%-ն է պատվաստված եղել:
Կենտրոնը նշում է նաև, որ այդ մահերից որոշները սպասելի էին, քանի որ պատվաստանյութերը 100 տոկոսով արդյունավետ չեն, և երկրորդ դեղաչափը ստանալուց հետո առնվազն երկու շաբաթ է անհրաժեշտ ամբողջական պաշտպանություն ձևավորելու համար: