Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Խուան Խեներո Դել Կամպո Ռոդրիգեսին:
Ողջունելով դեսպանին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ` մաղթելով հաջողություն իրականացվելիք ծրագրերում:
Լատինամերիկյան երկրների հետ սերտ համագործակցության համատեքստում ԱԺ նախագահը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունները Պերուի խորհրդարանի հետ` ընդգծելով միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևավորման անհրաժեշտությունը:
Պերուի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ նախագահին ընդունելության համար, ընդգծել է, որ իր առաքելության իրականացման ընթացքում երկկողմ կապերի զարգացումը ծրագրային առաջնահերթություն է դիտարկվելու:
Նա նշել է, որ Հայաստան-Պերու բազմակողմ գործընկերային կապերն ամրապնդելու հարցում մեծ է խորհրդարանների դերը:
Քննարկվել են նաև Հնագույն քաղաքակրթությունների ֆորումին երկու երկրների անդամակցությանը վերաբերող հարցեր` երկուստեք կարևորելով օրենսդիր մարմինների մակարդակով մշակութային ժառանգությանն առնչվող համատեղ օրակարգերի ձևավորումը:
Հանդիպման ավարտին մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պերուի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին ընդառաջ ծրագրերի անհրաժեշտության վերաբերյալ: