ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ ԵՆ
Դրամապանակում թե բարձի տակ պահվող կանխիկ փողը բնակչությունն առաջիկայում կարող է կտրուկ պակասեցնել։ Գումարը ճիշտ է պլաստիկ քարտին, բանկային հաշվին մնա, քանի որ հունվարից Հայաստանում հատկապես մեծ ծախսերը պետք է իրականացվեն միայն և միայն անկանխիկ եղանակով։ Խոսքը վերաբերում է խանութում թանկարժեք, խոշոր ապրանք գնելուն, տարբեր ծառայությունների դիմաց գանձումներին, հիվանդանոցում ու ԲՈՒՀ-ում կատարվող վճարին, աշխատավարձին ու կենսաթոշակին։ Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց՝ դրամաշրջանառությունում անկանխիկ գործարքների ծավալն ավելացնելու Կենտրոնական բանկի նախագիծը։
Մարտին Գալստյան (ՀՀ ԿԲ նախագահ) - Ապրանքների օտարման և օգտագործման և ծառայությունների մատուցման գործարքները հունվարի 1-ից, 300 հազար դրամը գերազանցող գործարքներն իրականացվելու են բացառապես անկանխիկ եղանակով, աշխատավարձերն են լինելու անկախիկ:
Պետք է այնպես անել, որ անկանխիկ գործարքների անցնելու պահանջը սպառողի համար լրացուցիչ բարդություն չառաջացնի։ Դրա համար ճիշտ է երկրում էլեկտրոնային կառավարման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների շարքում ակտիվացնել մարդկանց ֆինանսական հոսքերը բջջայինի հետ կապող ծրագրերը՝ պատասխանատուներին հուշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Որպեսզի մարդը կարողանա հեռախոսով գումար ստանալ ու վճարում անել, կնքել գործարքներ, երրորդը՝ բջջայինը պիտի դառնա մարդու նույնականացման գործիք՝ բացառությամբ երբ դրա համար անձնագիր է պետք:
Այսպես ասած քեշ փողի շրջանառության կրճատումը կկրճատի ստվերն ու կոռուպցիոն ռիսկերը, քանի որ անկանխիկ գործարքների դեպքում վերահսկելի է դառնում՝ գումարը որտեղից է գալիս, ո՞ւր է գնում և ինչու՝ արձանագրեցին գործադիրում։ Բանկային համակարգից Կառավարություն եկած փոխվարչապետ Գրիգորյանն այս քայլով նաև վարկերի տոկոսադրույքի իջեցում է կանխատեսում։
Մհեր Գրիգորյան (ՀՀ փոխվարչապետ) - Սա վարկերի տոկոսադրույքի նվազեցման երաշխիք է, որովհետև այն երկու կողմից բերում է նվազեցման՝ նախ անհատ անձանց մանր վարկերի համար:
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՆ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻՆ
Օրակարգի տնտեսական մեկ այլ նախագծով սեպտեմբերի վերջին նիստում գործադիրը հաստատեց Արցախի՝ հոկտեմբերի բաժին ֆինանսական աջակցությունը։ Երևանը ամեն ամիս Ստեփանակերտին պետական վարկ է տալիս հետպատերազմական այս փուլում թոշակ-աշխատավարձ-նպաստ՝ սոցիալական կարիքներից մինչև բնակարանաշինության կապիտալ ծախսեր իրականացնելու համար։
Տիգրան Խաչատրյան (ՀՀ ֆինանսների նախարար) - Ֆինանսական միջոցների հանրագումարը կազմում է 13473 մլրդ դրամ, որից ամենախոշորը՝ աշխատավարձ, կենսաթոշակ ու կոմունալ ծախսեր:
Նիկոլ Փաշինյան - Մենք այս որոշմամբ նոյեմբերի 9-ից հետո Արցախին հատկացվող աջակցությունը մոտեցնում է 100 մլրդ դրամին:
Ֆինանսական մի հատկացում էլ՝ չզեկուցվող փաթեթների շարքում, Սյունիքի համար հաստատվեց։ Գումարը նախատեսված է մարզի համայնքների կենսունակությունը վերականգնելու համար՝ տեղեկացրեց փոխվարչապետ Պապիկյանը։
Սուրեն Պապիիկյան (ՀՀ փոխվարչապետ) - Այս նախագծով մենք հաստատում ենք 200 մլն դրամ հատկացումը Սունիքի զարգացման հիմնադրամին, հաշվետվությունից հետո կհատկացնենք մնացած 800 մլն-ը:
Տարբեր ծրագրեր իրականացնելու նպատակով Սյունիքի զարգացման հիմնադրամը բյուջեից կստանա ընդհանուր առմամբ 1 մլրդ դրամ։