ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կալանավորվեց: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Մնացական Մարտիրոսյանի, բավարարեց ԱԱԾ միջնորդությունը:
«Դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը, երկու ամսով ընտրվեց կալանքը՝ որպես խափանման միջոց: Առաջադրված մեղադրանքում Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը ձերբակալվել էին երեկ՝ բնակարաններում կատարված խուզարկություններից հետո:
Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք կասկածվում են առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 2,2 մլրդ դրամ հափշտակելու և կեղծիք, հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար:
Այս քրեական գործն առնչվում է բանակին անորակ հրթիռներ մատակարարելուն, որով օրեր առաջ ձերբակալվել էր ՀՀ զինված ուժերի ավիացիայի նախկին պետը:
Գալստյանին կալանավորելու միջնորդությունը դեռ քննվում է:
Դավիթ Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը: Ըստ նրա՝ այս քրեական գործն առնչություն չունի Գալստյանի վերաբերյալ ԱԱԾ-ում քննվող նախորդ քրեական գործի հետ, որով Գալստյանը կրկին մեղադրվում է ՊՆ-ից խոշոր չափի հափշտակություն կատարելու համար:
Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2018-2020 թթ.: Նա պաշտոնից հեռացվել է 44-օրյա պատերազմից մի քանի օր հետո: