Աբգար Արզումանյան (Խաչարձանի բնակիչ) - Լավ կարտոֆիլ չենք ստանում, որովհետև չենք կարողանում ջրել, քիչ է ջուրը, ջուր լինի՝ շատ բերք ստանանք, հլը կվաճառենք էլ:
Շուտով ոռոգման ջրի խնդիրը կլուծվի: Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը Դիլիջան խոշորացված համայնքի Խաչարձան գյուղում ոռոգման նոր ցանց է կառուցում:
Արմեն Եսոյան (Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար) - Ոռոգման ցանցերի կառուցումը շատ մեծ կարևորություն ունի կոնկրետ ջրային ռեսուրսների ադյունավետ կառավարման տեսանկյունից: Որովհետև եթե ոռոգման ցանցեր չունենք, նախ՝ ջուրը չի հասնի տեղանքին, երկրորդ՝ մեծ կորուստներ են ունենում:
Ծրագրերի նպատակը բնության հատուկ պահպանվող տարածքների հարակից համայնքերի բնակիչների կարիքների, խնդիրների լուծումն է, որ առօրյա կենսագործունեությամբ վնաս չպատճառեն բնությանը: Երբ կանոնավոր ոռոգման ջուր ունենան, իրենց մշակությունն էլ կանոնավոր կլինի՝ նշում է Աբգար պապը:
Աբգար Արզումանյան (Խաչարձանի բնակիչ) - Էս ճանապարհին կորում է էդ ջուրը, անասունները կոխ են տալիս, առուն քանդում են, տեսեք՝ գնում է, չգիտեն, որ էստեղ ջուր կա, շատ օգտակար է դա, ջուրը տեղ կհասնի, շատ ընտանիքներ կօգտվեն: Հիմա մի 12 ընտանիք է օգտվում, հետո 20-ից ավել ընտանիք կօգտվի:
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակն այս տարի Ուրցաձոր և Դիլիջան համայքներում ավելի քան 7 կմ երկարությամբ ոռոգման ցանց է կառուցում: Սա Խաչարձան համայնքում իրականացվող միակ ծրագիրը չէ:
Գագիկ Շահնազարյան (Խաչարձանի վարչական ղեկավար) - Ծրագրի արդյունքում գյուղում նախատեսված են բազմաթիվ աշխատանքներ, որոնք նպատակ ունեն գյուղատնտեսական զարգացման և ենթակառուցվածքների վերականգնման: Նախատեսված է նաև բարձրարժեք մշակաբույսերի մշակում, որի համար տրամադրվել են սածիլներ, մարդիկ մշակել են և բավականին բարձր բերք են ստացել:
Աբգար պապն էլ է մշակել, զարմացած է, առաջին անգամ Խաչարձանում սմբուկի բերք է ստացել:
Աբգար Արզումանյան (Խաչարձանի բնակիչ) - Ասի՝ ջերմոցիա, ստեղ չի բռնելու, հետո ում հարցրի՝ բռնել է՞, ասին՝ հա, շատ հրաշք է:
Շուտով ոռոգման ցանց կունենա նաև Գոշ համայնքը: Սկզբնական շրջանում 4, հետո հավելյալ 3 հեկտար ոռոգելու համար: Իսկ հիմա գյուղում ընթացքի մեջ են հեռագնա արոտավայրերի և դաշտամիջյան ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները:
Գևորգ Ամիրխանյան (Գոշի վարչական ղեկավար) - Գյուղից մոտ 10-12 կմ հեռավորության վրա էսպիսի ճանապարհ ենք ստացել, որ հնարավոր է նաև ցածր մեքենայով բնակիչը հասնի իր արոտավայր, ոչ մի խնդիր չունենա:
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից մարզում վերանորոգվող դաշտամիջյան ճանապարհների երկարությունը ավելի քան 27 կմ է:
Արմեն Եսոյան (Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար) - Ծրագրի նպատակն է «Դիլիջան» ազգային պարկին հարակից համայնքներում իրականացնել հարմարվողականության աշխատանքներ, բարձրացնել բնակչության շրջանում էկոկրթության մակարդակը:
Տեսնողը գուցե չհասկանա, բայց իրենք լավ գիտեն, թե որքան է բարեկարգվել ճանապարհը: Գրունտային ճանապարհը ջրահեռացման համակարգ ունի, որ անձրևոտ եղանակը արած գործը ջուրը չգցի: Ասֆալտ չէ, բայց ասֆալտին չի զիջում, իրենց գործը հեշտացել է՝ նշում են գյուղացիներն ու ցույց տալիս գյուղից շուրջ 12 կմ հեռավորության վրա արածող անասուններին:
Գևորգ Ամիրխանյան (Գոշի վարչական ղեկավար) - Սածիլներ են տրամադրվել բնակիչներին, սերմացուներ են տրամադրվել, հիմա ընթացքի մեջ է բերքատու այգիների հիմնումը, ոռոգման ցանցի կառուցումը, զուգահեռ և՝ ցանկապատումը: Նպատակն է՝ բնակիչներին հնարավորինս անտառի փայտի, ծառի կտրելուց հեռու պահել:
Շուրջ 1 մլրդ դրամի ներդրմամբ՝ համայնքների բնակիչներին նոր գյուղատնտեսական հնարավորություններ են տալիս, որ հողաբարելավման, ջերմատների, չորանոցների, դաշտային ճանապարհների կառուցման շնորհիվ հոգան իրենց կարիքներն ու ստանան որոշակի եկամուտ: Բնության հատուկ պահպանվող տարածքներն էլ վնասներ չկրեն: