ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ 83 տարեկան հասակում կյանքից հեռացել է վաստակաշատ երաժիշտ, մանկավարժ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գուրգեն (Ջոնիկ) Ավագի Սարգսյանը:
Անգնահատելի է Գուրգեն Սարգսյանի ավանդը հայ փողային կատարողական արվեստում:
Ավելի քան երեք տասնամյակ (1968-2001) երաժիշտը եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար շեփորահարը, բազմաթիվ ելույթներ է ունեցել որպես մենակատար և անսամբլային կատարող, բազմաթիվ ֆոնդային ձայնագրություններ ունի ՀՀ Հանրային ռադիոյի ֆոնդում: Սակայն երաժշտի կարևորագույն առաքելությունը մանկավարժական գործունեությունն էր: 1985 թվականից Գ. Սարգսյանը, դասավանդելով Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, դաստիարակել է պատանի շեփորահարների մի քանի սերունդ՝ մանկավարժի բացառիկ ձիրքով նրանցից յուրաքանչյուրի մեջ սերմանելով անմնացորդ սեր և նվիրվածություն ընտրած մասնագիտության հանդեպ:
Գ. Սարգսյանը ծնվել է 1938 թ. Գյումրի քաղաքում, սովորել է թիվ 16 միջնակարգ դպրոցում և երաժշտական դպրոցի փողային բաժնում: 1958 թ. ավարտել է Գյումրու Քրիստափոր Կարա-Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի փողային բաժինը: Այնուհետև ծառայել է խորհրդային բանակում՝ Անդրկովկասյան ցուցադրական փողային նվագախմբում:
1968 թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային բաժինը՝ որպես մենակատար-շեփորահար: 1998 թվականից Գ. Սարգսյանը դասավանդում էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Հեղինակ է 1-7-րդ դասարանների աշակերտների համար շեփորի դասագրքի:
Վաստակաշատ մանկավարժի սաներից շատերն այսօր հանրապետության տարբեր նվագախմբերի առաջատար շեփորահարներն են, բազմաթիվ հանրապետական և միջազգային մրցույթների հաղթողներ և մրցանակակիրներ են՝ բարձր պահելով իրենց ուսուցչից ստացած մասնագիտական պատգամներն ու կատարողական հմտությունները:
Հայ երաժշտակատարողական արվեստում ունեցած մեծ վաստակի և տաղանդաշատ երիտասարդների մի քանի սերնդի դաստիարակման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար Գուրգեն Սարգսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերով և «Գրիգոր Նարեկացի» մեդալով:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իր խորին վշտակցությունն է հայտնում Գուրգեն Սարգսյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և սաներին: