Չորեքշաբթի տեղի ունեցած՝ Ճապոնիայի իշխող լիբերալ-դեմոկրատական կուսակցության ընտրությունների արդյունքներով կուսակցության նոր ղեկավար է ընտրվել երկրի նախկին արտգործնախարար Ֆումիո Կիշիդան, գրում է Interfax-ը:
Կիշիդան և նրա մրցակիցը՝ Վարչական բարեփոխումների նախարար Տարո Կանոն, որը երկրում պատվաստումների պատասխանատուն է, անցել են քվեարկության երկրորդ փուլ: Ֆումիո Կիշիդան ստացել էր 257 ձայն, Տարո Կոնոն՝ 170: Քվեարկության առաջին փուլում երկու թեկնածուի միջև տարբերությունը մեկ ձայն էր՝ 256-255:
Առաջին փուլում պայքարից դուրս մնացին երկու կին թեկնածուները՝ ներքին գործերի նախկին նախարար Սանաե Տակաիտին և կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Սեյկո Նոդան:
Հետագայում Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր ղեկավարը կդառնա երկրի 100-րդ վարչապետը՝ 19-րդ դարից սկսած: Երկրի նոր վարչապետի հաստատումը տեղի կունենա խորհրդարանում հոկտեմբերի 4-ին, սակայն այդ ընթացակարգը հիմնականում կրում է ձևական բնույթ: Ճապոնիայի քաղաքական ավանդույթի համաձայն՝ իշխող կուսակցության առաջնորդը դառնում է երկրի վարչապետ:
Ավելի ուշ՝ մինչև նոյեմբերի սկիզբը, Ճապոնիայում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ: