ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին խորհրդարան էին այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ:
Զինծառայողները նշել են, որ իրենց իրավունքների լիարժեք իրացման հարցում հաճախ հանդիպում են խոչընդոտների: Նրանք կարևորել են հանրային վայրերում թեքահարթակների կառուցման հարցը:
Ի տարբերություն 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների՝ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու չեն:
Հանդիպման մասնակից զինծառայողներն այս հարցը համարել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիր:
Պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կառավարության կողմից ստանում են աջակցություն: 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներն ունեն կրթական, առողջապահական, աշխատանքի և այլ երաշխիքներ:
Անդրադարձ է կատարվել նրանց կրթության, աշխատանքային, սոցիալական, առողջապահական, ազատ տեղաշարժի և այլ իրավունքների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների խնդիրներին:
Քննարկման մասնակիցները հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու տեսանկյունից կարևորել են հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող տեղեկատվության հրապարակայնությունը:
Պատգամավորները խոստացել են հետամուտ լինել բարձրացված խնդիրների լուծմանը և հնարավորության դեպքում օրենսդրական լուծումներ տալ դրանց կամ իրավասության շրջանակում առաջարկներ ներկայացնել պատասխանատու մարմիններին: Նման հանդիպումները շարունակական դարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: