Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայությունից տեղեկացնում են, որ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 27-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ վերադարձած, բաց ուղղիչ հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Օ.Հ.-ին:
Խուզարկության արդյունքում վերջինիս ուսապարկում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի՝ 1,43 գրամ քաշով մեթամֆետամին և 5,02 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված, ինչպես նաև խոշոր չափի՝ ընդհանուր 8,53 գրամ քաշով հաշիշ: ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 268-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: