Լրատվամիջոցներին հայտնի են դարձել որոշ մանրամասներ Պուտին-Էրդողան հանդիպումից: Մինչև Սոչի մեկնելը Էրդողանը հույս էր հայտնել ստանալ Ռուսաստանի օգնությունը Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դեմ պայքարում, որոնց Անկարան ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն: Էրդողանը ցանկանում է, որ քրդական ուժերը հեռանան Մանբիջ և Թել Ռիֆաթ քաղաքներից: Այդ հարցը Թուրքիան և Ռուսաստանը համաձայնեցրել էին դեռևս 2019 թվականին՝ հայտնում է ТАСС-ը:
Մերձավոր Արևելքում խաղաղությունը կախված է Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններից: Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ:
Էրդողանն ավելի վաղ ասել էր, թե Թուրքիան կցանկանար, որ Միացյալ Նահանգները դուրս բերեր իր զորքերը Սիրիայից և Իրաքից, ինչպես դա արեց Աֆղանստանում: Նա պնդել է, որ Թուրքիան Սիրիայում է այդ երկիրը վերականգնելու նպատակով, նաև հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրաքը և Թուրքիան կարող են միասին աշխատել՝ Սիրիայում և Իրաքում խաղաղության և կայունության հասնելու համար:
Թուրքիայում, սակայն, ոչ բոլորն են լավատես: Անկարայում աստիճանաբար գիտակցում են Սիրիայի հարցում ներկա քաղաքականության տապալումը: Թուրքիայի Մալթեփե (Ստամբուլ) համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալն այն կարծիքին է, որ Անկարայի քաղաքականությունն ի սկզբանե սխալ էր, սակայն այժմ այն դառնում է ավելի ու ավելի վտանգավոր: Նրա խոսքով՝ թուրքական ռազմական ներկայությունը Սիրիայի հյուսիսում հանգեցրել է միայն ահաբեկչական խմբերի ակտիվացմանը: