ՍՈՉԻՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ
Սոչիում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, քննարկել են նաև հետպատերազմական իրադրությունը Հարավային Կովկասում: Խոսելով միջազգային հարցերում Թուրքիայի ու Ռուսաստանի հաջող գործակցության մասին Պուտինն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնն ակտիվորեն գործում է, և այդ գործակցությունը լուրջ երաշխիք է կայունությանն ու հաշտեցմանն ուղղված կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա քայլերում։ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Մոսկվան ու Անկարան սովորել են փոխշահավետ փոխզիջումներ գտնել: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը մտադիր է քննարկել նաև հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը:
ՔԱԼԸՆԸ՝ ՀՀ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ
Թուրքիայի նախագահի խոսնակ Ի․ Քալընը թուրքական Haber Global լրատվականի եթերում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և Արցախի հիմնախնդրի մասին։ Նա ընդգծել է, որ Անկարան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը սկզբունքորեն դրական է նայում, և Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում խոչընդոտ չկա։ Քալընը, սակայն, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում դեռ կան հարցեր, որոնք լուծում են պահանջում։ Թուրքիայի նախագահի խոսնակը, սակայն, որպես հայ-թուրքական հարաբերությունների նախապայման, ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը:
Հարցազրույցում Քալընը հաստատել է նաև Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի ներգրավվածությունը: «Ղարաբաղում հաղթանակը մեծ նշանակություն ունի թուրքական զինված ուժերի համար: Մենք նման հաջողությունների ենք հասել մեր զինված ուժերի, արտաքին գործերի նախարարության և նախագահի գործողությունների լավ համակարգման շնորհիվ»,- նշել է նա:
ԹԲԻԼԻՍԻՆ ԿԱՋԱԿՑԻ ԵՐԵՎԱՆ-ԲԱՔՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաքվում է: Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ: Իմեդի հեռուստաընկերության հետ հարցազրույցում նա ասել էր, որ հաջորդ այցը նախատեսված է Երևան: Վրաստանի վարչապետը հույս ունի դրական դերակատարում ունենալ հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործում: Ղարիբաշվիլին ընդգծել է, որ լավ հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ, ինչը կարևոր նախապայման է հարցերը լուծելու համար: Ավելի վաղ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի իր ելույթում առաջարկել էր համաշխարհային առաջնորդներին «Խաղաղ հարևանության նախաձեռնություն»` Սևծովյան տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար: Դրանից հետո Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը մտադիր է հանդես գալ նախաձեռնությամբ՝ Թբիլիսիում ստեղծելով հարթակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև բարձր մակարդակի շփումների համար:
ԵԽ-Ն ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՍԿՍԵԼ ՀՀ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ
«Մենք բանակցություններ ենք սկսել Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ այդ երկու երկրների միջև փոխադարձ վստահություն ստեղծելու համար»,- ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը՝ ելույթ ունենալով ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում։ Նա նշել է չկարգավորված հակամարտություններում երկխոսությանը մասնակցելու՝ Եվրոպայի կարևոր դերը ժողովրդավարական անվտանգություն ապահովելու համար և ասել, թե կարևոր է, որ Եվրոպայի խորհրդի կառույցներն անարգել մուտք ունենան այդ շրջաններ։ Պեյչինովիչ-Բուրիչի խոսքով՝ կողմերի միջև հակամարտության կարգավորման համար վստահություն ստեղծելու միջոցները կարևորագույն գործոններից են, և քանի որ երկու երկրները չեն առարկում, այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։
LUKOIL-Ը ԳՆԵԼ Է ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ-ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ 25 %-Ը
Ռուսական Lukoil-ը BP-ից գնել է Կասպից ծովի ադրբեջանական հատվածի երկրաբանական-հետազոտական նախագծի բաժնեմասերի 25%-ը՝ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ռուսական ընկերության հաղորդագրությունը։ Նշվում է, որ գործարքն ավարտին կհասցվի մինչև այս տարեվերջ՝ Ադրբեջանի կառավարության հավանությունը ստանալուց հետո։ Գործարքի ավարտից հետո BP-ն կմնա ծրագրի օպերատոր՝ 25% բաժնեմասով։ Իսկ ծրագրի երրորդ մասնակիցը ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունն է՝ 50% բաժնեմասով։