Մայրաքաղաքում ակտիվ շինարարական եռուզեռ է: Որ ձմռան առաջին ձյունը ծրագրերն իրար չխառնի, կառուցապատող ընկերությունները շտապում են ավարտին հասցնել ծրագրերը: Մոտ 40 տոկոսով աճել է վաճառքի ցուցանիշը, աճել են նաև բնակարանների գները. կան կառուցապատողներ, որոնք նախկինի համեմատ 1 քմ-ի համար գինը բարձրացրել են 50-100 դոլարով:
Եկամտահարկի վերադարձի ծրագիրն աստիճանաբար՝ մինչև 2025 թվականը դադարելու է գործել Երևանում: Նման նախաձեռնությամբ է հանդես եկել Ֆինանսների նախարարությունը՝ նպատակ ունենալով կառուցապատման ոլորտի ակտիվությունը մայրաքաղաքից տեղափոխել մարզեր: Նախագիծն այսօր քննարկվել է Խորհրդարանի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում.
Արմեն Պողոսյան (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Եթե 2015-2017 թթ. տարեկան կտրվածքով շուրջ 800-1000 նոր շահառուներ էինք ունենում, 18-19 թթ. մոտ 2000, ապա դրանից հետո շահառուների թիվն աճում է տարեկան 5200-ով:
Սրան զուգահեռ աճում են նաև վերադարձվող եկամտահարկի գումարները: Եթե 2016-2017 թթ. վերադարձվող գումարն ավելանում էր տարեկան շուրջ 1 միլիարդ դրամով, ապա այժմ հասել է 13.3 միլիարդ դրամի: Ըստ փոխնախարարի՝ 2021-ի ավարտին նախնական հաշվարկով ունենալու են մոտ 17.000 շահառու և 20 միլիարդ դրամ վերադարձվող գումար:
Արմեն Պողոսյան - Զուգահեռաբար, որպեսզի չունենանք անկանխատեսելի հարկային միջավայր, արդեն իսկ սկսված քաղաքաշինական ծրագրերի համար նախագծով առաջարկվում է կարգավորել անցումային հարաբերությունները, ըստ որի՝ եթե շինթույլտվությունը ստացվել է մինչև 2022 թվականի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակներում կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանների օտարման նկատմամբ նշածս սահմանափակումներն առհասարակ կիրառելի չեն լինի առանց որևէ ժամանակային սահմանափակման:
Ստացվում է, որ եթե կառուցապատողը տարածքն արդեն ընտրել է, թույլտվությունը մինչև 2022-ի հունվարի 1-ն է ստանալու, այդ բազմաբնակարանները, երբ էլ շահագործման հանձնվեն, գնորդը կարող է գործարք կատարել գործող օրենքով: Ըստ առաջարկվող նախագծի՝ 2022-ի հուլիսի 1-ից ծրագիրը կդադարի գործել 1-ին գոտում, այսինքն՝ փոքր Կենտրոնում, 2023-ի հուլիսի 1-ից՝ երկրորդ գոտում, որի մեջ մտնում են մեծ Կենտրոնն ու Արաբկիրի մեծ մասը: Դրանից 1.5 տարի հետո՝ 2025-ի հունվարի 1-ից՝ ծրագիրը կդադարի գործել մայրաքաղաքի մյուս բոլոր վարչական շրջաններում: Թեև նախագիծն Ազգային ժողովը դեռ չի հաստատել, բայց «վաճառքի թվերն արդեն կրկնապատկվել են՝ արձանագրում են կառուցապատող ընկերությունում.
Անահիտ Պարտիսպանյան (AR-GO Realty ընկերության վաճառքի մասնագետ) - Բավական մեծ ակտիվություն է նկատվում, վաճառքների քանակը մեծացել է, անհանգստացած են: Ներկայացնում ենք, բնականաբար, որ գոտիներով է նախագիծը փոփոխության ենթարկվելու, բայց դե մտածում են, որ կարող է չհասցնեն:
Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից վստահեցնում են՝ եթե եկամտահարկի վերադարձի ծրագիրը դադարի գործել, Երևանում կառուցապատման ոլորտը լուրջ խնդիրների առջև կկանգնի: Այդ համոզմանն են նաև կառուցապատող ընկերությունները:
ՄԱՐԶԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
Արայիկ Կոջաբաշյան (Կառուցապատող ընկերության տնօրեն) - Ամեն դեպքում, շինարարության նոր ծրագրեր չեն արվում, այսինքն՝ մարդիկ նոր հողատարածքներ ձեռք չեն բերում, նոր շինթույլտվություններ չեն անի, որովհետև ռիսկ կա, որ իրենք չեն վաճառի, կամ կվաճառվեն բավական դանդաղ Էն բնակարանները, էն շենքերը, որոնք այդքան էլ հաջող չէին վաճառվում. օրինակ՝ նրանք սկսել են վաճառվել և կարելի է ասել՝ արհեստական գնաճ է նկատվում:
Արայիկ Կոջաբաշյանն ասում է՝ ինքը դեմ չէ մարզերում շենքեր կառուցելուն, բայց վստահ չէ, որ կկարողանա դրանք ժամանակին վաճառել, նոր նախագիծ սկսել, որովհետև բացի հողի գնից՝ մնացած շինարարական ծախսերը նույնն են, ինչ Երևանում: Հարցնում է՝ արդյոք նույն գնով քաղաքացին բնակարան կցանկանա՞ գնել, օրինակ, Արմավիրում, Վանաձորում կամ Թալինում:
Արայիկ Կոջաբաշյան - Պետք է աշխատանք լինի, որ աշխատի, ինչ-որ չափով բարձր աշխատավարձ ստանա, ունենա եկամտահարկ և կարողանա սպասարկել իր վարկը: Բոլոր էն մարդիկ, ովքեր սպասարկվում են եկամտահարկի վերադարձով, նրանց 99 տոկոսը Երևանում է աշխատում, դրա համար էլ Երևանում են ձեռք բերում:
Հատկանշական է, որ հիփոթեքային վարկի տոկոսները վերջին 5 տարում նվազելու փոխարեն մի բան էլ աճել են՝ 7-ից հասնելով 12.5 տոկոսի: Գործող ծրագրից օգտվող գնորդին դա այնքան էլ չի հետաքրքրում, որովհետև պետությունն է փակելու այն: Կառուցապատողները ռիսկերը վերլուծել ու վստահ չեն՝ 2025-ի հունվարի 1-ից հետո քաղաքացիներն արդյոք այդ տոկոսադրույքով պատրաստ կլինե՞ն Երևանում բնակարան գնել: