Գյումրի 2 հրշեջ փրկարարական ջոկատը նոր հասցե ունի․ Անի և Մուշ թաղամասերն իրար կապող այս նորակառույցի հանդիսավոր բացումն այսօր էր։ Շինարարությունը մեկնարկել էր դեռ անցած տարի գարնանը։ Նորակառույցն ամբողջությամբ համապատասխանում է ժամանակակից պահանջներին, համալրված է գույք-սարքավորումներով, ավտոմեքենաներով։
ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանի խոսքով՝ հրշեջ-փրկարարական ջոկատների, մարզային կառույցների շենքային, գույքային և տեխնիկական կարողությունների զարգացումը կառույցի ռազմավարական առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել:
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի գնահատմամբ՝ երկու կայանների հրշեջ-փրկարարական կարողությունների մեծացման շնորհիվ հնարավոր կդառնա 2 անգամ արագ արձագանքել արտակարգ իրավիճակներին, ինչը թույլ կտա փրկել մարդկային կյանքեր։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ինչպես ծրագիրն իրագործողներին, այնպես էլ հրշեջ փրկարարներին, որոնք իրենց կյանքը վտանգելով՝ փրկում են կյանքեր․
ԱԻՆ-ԱՄՆ դեսպանություն համագործակցության շրջանակում հրշեջ-փրկարարական ջոկատի շենքի շինարարություն է ընթանում նաև Աշոցքում: Այն շահագործման կհանձնվի հաջորդ տարի: Նույն ծրագրի շրջանակում 2020 թ. արդեն շահագործման են հանձնվել Մասիսի, Արտաշատի և Մեղրու ջոկատների շենքերը: