Սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը Մարտունու համայնքապետարանում կատարել է քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրացրած հարցերի մի մասին տրվել է բավարար պատասխան, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերի համար հանձնարարականներ է տրվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին՝ ուսումնասիրելու և խնդիրներին լուծումներ տալու համար:
Այցի շրջանակներում մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը եղել է նաև Մարտունու ծննդատանը, որտեղ տնօրեն Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ օրերս ծննդատունը համալրվել է նորագույն և գերժամանակակից մի քանի ախտորոշիչ սարքավորումներով:
Ըստ ծննդատան տնօրենի՝ «Ռոտարի» մարդասիրական բարեգործական հասարակական կազմակերպության նվիրատվության շնորհիվ Մարտունու ծննդատան լաբորատորիան արդեն ունի այնպիսի սարքավորումներ, որոնց միջոցով հնարավոր կլինի տեղում իրականացնել արյան՝ մոտ 70-80 տարբեր տեսակի հետազոտություններ և որն էլ ավելի կբարձրացնի ծննդատան կողմից բնակչությանը մատուցվող բուժսպասարկման որակը:
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկը շրջայցի միջոցով ծանոթացել է 30 մահճակալ հզորություն ունեցող ծննդատան պայմաններին, հնարավորություններին, տեխնիկական հագեցվածությանը, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել և պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին: