Իրանը շարունակում է ծանր ռազմատեխնիկայի տեղաշարժը դեպի երկրի հյուսիս: Այնտեղ շարունակվում են ավելի վաղ հայտարարված լայնածավալ զորավարժությունները: Համացանցում օգտատերերը նոր հոլովակներ են հրապարակում, որոնցում երևում է, թե որքան մասշտաբային են այս վարժանքները:
Զուգահեռաբար, անհամաձայնությունները և փոխադարձ դժգոհությունները Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում ավելի ակնառու են դառնում նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների մակարդակով:
Իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաեդ Խաթիբզադեն, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժգոհությանը իրանական զորավարժությունների վերաբերյալ, ասել է, որ Ալիևի հայտարարությունները զարմանալի են:
Գերատեսչության ներկայացուցիչը նաև ակնարկել է Ադրբեջանում Իսրայելի ներկայության մասին: Խաթիբզադեն հավելել է, որ Իրանը չի հանդուրժի Իսրայելի ռեժիմի ներկայությունն իր սահմանների մոտ:
Սաեդ Խաթիբզադե (ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ) - Զորավարժությունների անցկացումը մեր երկրի հյուսիսարևելյան սահմանների մոտ ինքնիշխանության հարց է: Դրանք անցկացվում են հանուն կայունության և խաղաղության ամբողջ տարածաշրջանում: Ակնհայտ է, որ Իրանը չի հանդուրժի Իսրայելի ներկայությունն իր սահմանների մոտ և այդ համատեքստում կձեռնարկի յուրաքանչյուր քայլ, որը անհրաժեշտ կհամարի:
Ադրբեջանի նախագահը, անդրադառնալով իրանական զորավարժություններին Ադրբեջանի հարավային սահմանների մոտ, դրանք բնութագրել էր իբրև «անսպասելի իրադարձություն»: Ալիևը նշել է, որ անկախության 30 տարվա ընթացքում նման իրադարձություններ չեն եղել և հարց է հնչեցրել՝ ինչո՞ւ հենց հիմա, և ինչո՞ւ Ադրբեջանի սահմանին:
Ադրբեջանի նախագահի հայտարարությանն է անդրադարձել նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալը՝ հեգնելով այն:
Սարդար Ֆադավի (գեներալ) - Եթե երեխան գա և սկսի ձեզ վրա ջղայնանալ, դուք ի՞նչ կանեք: Կշոյեք նրա գլուխը, չէ՞: Նա երեխա է:
Դեռ շաբաթվա սկզբին թվում էր, թե որոշակի լարվածությունը ադրբեջանա-իրանական հարաբերություններում հաղթահարված է, երբ Իրանի դեսպանը Ադրբեջանում հայտարարեց, թե հարաբերությունների վատթարացմամբ հետաքրքրված են երրորդ երկրները: Սակայն հետագա զարգացումները, փաստացի, այլ բան ապացուցեցին:
Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր, միջազգային հարցերով փորձագետ Ջալալ Միրզային արձանագրում է հակաիրանական տրամադրությունների աճ Ադրբեջանում:
Ջալալ Միրզա (փորձագետ) - Ալիևն ու Էրդողանը փորձում են փոխել տարածաշրջանի անվտանգային պատկերը՝ առանց հաշվի առնելու Իրանի մոտեցումները: Բաքուն և Անկարան Իրանին փորձում են ստիպել Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները կառուցել իրենց շահերին համապատասխան և Հայաստանի փոխարեն ընտրել Ադրբեջանին ու Թուրքիային: Բաքուն իր գործողություններով փորձում է Իրանին և այլ դերակատարներին հասկացնել, որ պետք է ընդունել պատերազմից հետո ստեղծված իրադրությունը:
Բաքուն արդեն երկու շաբաթ է՝ խոչընդոտներ է ստեղծում իրանական մեքենաների համար Գորիս-Կապան միջպետական ճանապարհին: Իրանում զորավարժությունները մեկնարկեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանը ձերբակալեց երկու իրանցի վարորդի: