Հոկտեմբերին տեղի կունենա ԵՄ գագաթնաժողովը Բալկանյան երկրների հետ, որի ժամանակ պետք է ընդունվի հռչակագիր նրանց անդամակցության երաշխիքներով:
Եվրամիության անդամ երկրները, սակայն, չեն կարողանում համաձայնության գալ Բալկանյան երկրների անդամակցության հարցում՝ հայտնում է Reuters-ը:
ԵՄ գագաթնաժողովը նախատեսում է կրկնել 18 տարի առաջ բալկանյան վեց պետություններին՝ Սերբիային, Կոսովոյին, Բոսնիա և Հերցեգովինային, Չեռնոգորիային, Ալբանիային և Հյուսիսային Մակեդոնիային տված խոստումը՝ եվրոպական կառույցին միանալու անվերապահ աջակցության մասին: Հռչակագիրը պետք է ընդունվի հոկտեմբերի 6-ին:
Բանակցությունների երկու փուլում, սակայն, այս հարցում համաձայնություն ձեռք չի բերվել:
Նշվում է, որ ԵՄ հարուստ երկրները, ինչպիսիք են Դանիան, Ֆրանսիան և Նիդերլանդները, վախենում են 2007 թ. Ռումինիայի և Բուլղարիայի անդամակցության ու միգրացիայի անվերահսկելի իրավիճակի կրկնությունից, ինչը շատ բրիտանացիների դուրս բերեց ԵՄ-ի դեմ: Բուլղարիան էլ դեմ է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցությանը լեզվական վեճի պատճառով. Սոֆիայում Հյուսիսային Մակեդոնիայի լեզուն համարվում է բուլղարերենի տարածաշրջանային տարբերակը:
ԵՄ ընդլայնման կողմնակիցները՝ Ավստրիան, Իտալիան, Խորվաթիան, Սլովենիան և Բալթյան երկրները, նախատում են Գերմանիային ու Ֆրանսիային, որ Բուլղարիայի վրա ճնշում չեն գործադրում և համոզում վերացնելու վետոն՝ հաղորդում է Reuters-ը:
Վերջին ժամանականերում սրվել են նաև Սերբիայի ու Կոսովոյի հարաբերությունները: Նրանց միջև սահմանին լարված իրավիճակ է:
ԵՄ բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Բալկաններում իրավիճակի վատթարացումը պայմանավորված է ԵՄ մայրաքաղաքներում տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության կորստով. «Բալկանների ժողովուրդները ստիպված են իրենց վատ պահել, որպեսզի նկատելի լինեն»:
Մինչդեռ 1990-ականների էթնիկ պատերազմներից և Հարավսլավիայի քայքայումից հետո Բալկանյան քաղաքացիները երազում են դառնալ ԵՄ անդամ: