Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ, կուսակցության խոսնակ Ֆայիք Օզթրաքը քննադատել է Էրդողանի վարչակազմի ֆինանսատնտեսական քաղաքականությունը՝ նշելով, որ թուրքական լիրան 19 օրվա ընթացքում 6 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ՝ գրում է Ermenihaber-ը։
Ըստ Ֆայիք Օզթրաքի՝ Էրդողանի խոստումներն ընդամենը պատրանք են, և դրանց կեսն անգամ կյանքի չի կոչվում։
«Կառավարությունը շարունակ խոսում է 2023 թ․ նպատակներից, բայց չի ասում, թե որոնք են դրանք։ 10 տարի առաջ ՏԻՄ ընտրությունների շեմին Էրդողանը խոստացել էր 2 տրիլիոն դոլար ազգային եկամուտ, մեկ շնչին բաժին ընկնող 25 հազար դոլար եկամուտ, 500 միլիարդ դոլարի արտահանում և 5 տոկոս գործազրկություն։ Մինչդեռ միջնաժամկետ ծրագրի համաձայն՝ 2023 թ․ ազգային եկամուտը կազմելու է 925 միլիարդ դոլար, մեկ շնչին բաժին ընկող եկամուտը՝ 10.703 դոլար, արտահանումը՝ 242 միլիարդ դոլար, իսկ գործազրկությունը կկազմի 11.4 տոկոս»,- մանրամասնել է ԺՀԿ խոսնակը։