«Անվերջության ժապավենը» շուտով կրկին բարի ճանապարհ կմաղթի Երևան-Սևան մայրուղով ընթացող մեքենաներին: Վերականգնվել ու տեղադրվել է կնոջ արձանը: Եթե եղանակը չխանգարի, արձանն ամբողջությամբ պատրաստ կլինի մոտ 2 ամսից, կտեղադրեն նաև տղամադրու արձանը: Պղնձե արձանի վերականգնմամբ զբաղվող Ռաֆայել Մանուկյանը խորհրդանշական է համարում այսօր կատարվող աշխատանքը, քանի որ նախորդ տարի այս օրերին պատերազմ էր:
Ռաֆայել Մանուկյան, քանդակագործ - Այսօր թող այս քանդակը դառնա այն սիմվոլը, որ պետք է նորից կոտրվածից վեր բարձրանալ, ջարդածից նորից վերածնվել:
Դավիթ Բեջանյանի արձանը գանձագողերը բազմիցս թալանել են: Այն տուժել էր նաև բնակլիմայական պայմանների պատճառով: Կնոջ ու տղամարդու փոխարեն մնացել էր մետաղյա ջարդոն: Զրոյից վերականգնումը կատարվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով:
Մրցույթը հաղթել է քանդակագործ Ռաֆայել Մանուկյանի և ճարտարապետ Արա Ազիզյանի նախագիծը: Արձանի չափերի մասին հստակ տեղեկություն ստացել են պահպանված քիչ հատվածից: Հիմա արդեն, երբ արձանի մի մասը վերականգնված է, մտածում են այն պաշտպանելու համար խստացնել տարածքի վերահսկողությունը:
Ռաֆայել Մանուկյան - Բարեկարգման աշխատանքները կատարվում են միաժամանակ: Փորձվելու է ստեղծել այն պայմանները, որ հետո նորից այս վանդալիզմը չկրկնվի:
Այս տարի ամբողջությամբ կունենանք «Անվերջության ժապավենը»: Կարվի ամենը՝ արձանը պաշտպանելու համար, սակայն քանդակագործն ուզում է, որ այն մարդկանցից պաշտպանելու հավելյալ միջոցների կարիք չլիներ. մարդիկ նույնիսկ չմտածեն վանդալիզմի մասին:
Հեղինակ՝ Անի Ավագյան