ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ռուսաստանին մեղադրել է մարդու իրավունքների հիմնախնդիրների հարցերով ԵԱՀԿ ամենամյա հանդիպումն արգելափակելու համար:
Միջոցառումը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 27-ին՝ հայտնում է РИА Новости-ն:
«Մենք խորապես ափսոսում ենք մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի վերահսկողությունը արգելափակելու Ռուսաստանի իշխանության այս փորձի համար»,- ասել է Բլինքենը:
Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը «շարունակում է ակնկալել, որ ԵԱՀԿ-ն մասնակից պետությունների հետ կանցկացնի նախատեսված հանդիպումները՝ մարդու իրավունքների թեմայով»:
Ավելի վաղ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Պետդումայի ընտրություններին Ռուսաստան դիտորդներ ուղարկելու ԵԱՀԿ-ի մերժումը նախապես ընտրությունները վարկաբեկելու փորձ է:
Օգոստոսի 3-ին ԵԱՀԿ-ն որոշեց չմասնակցել Ռուսաստանի ընտրություններին՝ դիտորդների թվի կրճատման պահանջի պատճառով: Մոսկվան հայտարարել էր, որ համաճարակաբանական իրավիճակի պատճառով Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակից ու Խորհրդարանական վեհաժողովից կարող է ընդունել, համապատասխանաբար, 50 և 10 դիտորդ: